Բաժիններ՝

«Եթե իրենց նպատակը գանգստերական Սիցիլիա կերտելն է, ապա կարծում եմ՝ քաղաքական իշխանությունն այդ մասին պետք է անի պաշտոնական հայտարարություն». Նաիրա Զոհրաբյան

«Սա շատ լավ առիթ է, որ մեր իրավապահ մարմիններն ապացուցեն, որ իրենք օպերատիվ աշխատում են և կարողանում են նման բաները բացահայտել»,- խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծելու մասին՝ այսօր ՀՀ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանին առևանգել էին սև դիմակներով, ավտոմատներով զինված երեք անհայտ անձինք, նրան դաժան ծեծի էին ենթարկել, այնուհետև բերել ու ծեծված վիճակում թողել էին Արտակենց տան մոտ:

Բացի քթի ջարդվածքներից, բժիշկներն Արտակի մոտ հայտնաբերել էին թոքերի սալջարդ, ինչի հետևանքով թոքերում օդ է հավաքվում: Արտակը երեկվանից Մալաթիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում էր, նրան վիրահատել են: Երեկ Արտակին տեսակցելու էր գնացել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այսօր Կառավարության շենքի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա, որին մասնակցելու էին եկել հարյուրավոր մարդիկ, ինչպես նաև՝ ԲՀԿ, Ժառանգություն և ՀԱԿ կուսակցությունների անդամներ: Բողոքի ակցիայի նպատակն էր՝ պահանջել իրավապահ մարմիններից շուտափույթ բացահայտել Արտակ Խաչատրյանի նկատմամբ տեղի ունեցած հանցագործության հեղինակներին:

Հարցին՝ ինչո՞ւ հենց Արտակի նկատմամբ տեղի ունեցավ այս ամենը, Վ. Բաբայանը պատասխանեց, որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր լինել Արտակի փոխարեն:
Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ տեղի ունեցածի պատճառն այն է, որ Արտակն իր հասարակական գործունեության մեջ մշտապես եղել է ակտիվ:

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ իրենց պահանջներն ուղղված են քաղաքական իշխանությանը:

«Երկիրն իրենց պատկերացրած, իրենց տեսլական ապահով Հայաստանից՝ վերածվում է գանգստերական և բանդիտական Հայաստանի: Ես նկատի չունեմ միայն Արտակի հետ տեղի ունեցած զազրելի հանցագործությունը, ես նկատի ունեմ նաև վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ բռնարարքները, երբ խնդիրներն օրենքի դաշտում լուծելու փոխարեն՝ առևանգում են, ծեծում են, սպառնում են, երեխաների ներկայությամբ մեքենաներ են ջարդում: Եթե իրենց նպատակը գանգստերական Սիցիլիա կերտելն է, ապա կարծում եմ՝ քաղաքական իշխանությունն այդ մասին պետք է անի պաշտոնական հայտարարություն, որ իրենց գերխնդիրը, իրենց ծրագրային քաղաքական հիմնադրույթը գանգստերական Հայաստան կերտելն է»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանի՝ քաղաքական իշխանությունը փորձ է անում ճնշել ցանկացած ազատ խոսք, իրենց իրավունքների համար պայքարելու՝ քաղաքացիների ցանկացած իրավունք. «Ասեմ, որ դա չի հաջողվելու, խորհուրդ կտամ՝ պատմություն ուսումնասիրել և տեսնել, թե ինչ է լինում այն քաղաքական իշխանության հետ, որը փորձում է բռնարարքներով ճնշել ազատ խոսքը, իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների կամարտահայտությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս