ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները վերջին օրերին երկրորդ անգամ հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Մասնավորապես, դա ընդուվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հանդիպումից հետո:

Փետրվարի 5-ին էլ հայտարարությամբ հանդես էր եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Դաչիչի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստորագրած հայտարարությունում անհանգստություն է հայտնվում զորքերի շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ.

«Մենք բոլորս համաձայն ենք, որ զորքերի շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը վատթարանում է, ինչը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային կայունության համար ու սպառնալիքի տակ է դնում խաղաղ քաղաքացիների կյանքը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի դիտարկման հաշվետվությունում նշված է, որ 2015 թվականի առաջին ամսում գրանցվել է 12 զոհ և 18 վիրավոր: Դա 1994 թվականի հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրից հետո կորուստների մասին հաստատված ամենաբարձր տվյալներն են:

2014 թվականից հետո, երբ զոհվեց մոտ 60 մարդ, մենք մտահոգ ենք, որ բռնությունների սպառնալից միտումը շարունակվում է»: Դիվանագետները կարծում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով, և որ կողմերը պետք է դադարեցնեն ուժ կիրառելը:

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվում «դադարեցնել հարձակումներն ու ներխուժումները, գյուղերի խաղաղ բնակիչների վրա կրակելը, դադարեցնել բռնությունների սպառնալիքն ու անհամաչափ ուժ կիրառելը, առաջարկվում է ձեռնարկել հավելյալ միջոցներ` լարվածության նվազեցման ու հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս