Սերժ Թանգյանը «Wake Up the Souls» շրջագայության գագաթնակետը համարել է երևանյան բացօթյա համերգը
«Գրեմմի» մրցանակ շահած «System of a Down» խմբի աշխարհահռչակ երգիչ և երգահան Սերժ Թանգյանի հետ «Ասպարեզ»-ի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանի հարցազրույցում Թանգյանը «Wake Up the Souls» շրջագայության գագաթնակետը համարել է երևանյան բացօթյա համերգը՝ միաժամանակ նշելով, որ այդ անվճար համերգը պետք է լինի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի պատշաճ հիշատակում:
Նշենք, որ շրջագայության ընթացքում համերգներ պիտի կայանան Լոս Անջելեսում, Լոնդոնում, Քյոլնում, Լիոնում, Բրյուսելում, Ամստերդամում, Մոսկվայում և Երևանում:
Սերժ Թանգյանը նշել է, որ «System of a Down» խումբը մինչ այժմ Հայաստանում ելույթ չի ունեցել՝ ավելացնելով, որ ելույթը հավանաբար սփռվի հեռուստատսությամբ կամ համացանցով, «որպեսզի բոլոր փափագողները մեզի հետ ըլլան Երևանի Հանրապետության հրապարակ»։
Ըստ նրա՝ Ցեղասպանության ճանաչումը պահանջելուց բացի, «Wake Up the Soul»-ի նպատակը արդարության կոչնակ լինելն է: Թանգյանը դրական է համարել թուրքական հասարակության որոշ հատվածների մեջ տեսնվող փոփոխությունը՝ ասելով, որ որոշ թուրք այլախոհներ «զարմանալի աշխատանք կը տանին, Հայկական Ցեղասպանության ճանաչումը ապահովելու համար»:
Թանգյանը խոսել է նաև «1915» անվանումը կրող ֆիլմին մասին, որը պիտի ներկայացվի այս տարի: Ֆիլմի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիպյանը: Ֆիլմը նկարահանված է Լոս Անջելեսում, և դեպքերը տեղի են ունենում 2015 թվականի ապրիլի 24-ին: