Հայտնի են «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները

Ամփոփել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված հանրապետության «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է մրցույթի հաղթողներին և հանձնել մրցանակները:

Ինչպես իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը, մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ, մրցանակային տեղեր են գրավել Հայաստանի բոլոր բուհերը ներկայացնող 38 ուսանողներ, այդ թվում` 1-ին տեղ` 14, 2-րդ տեղ` 12 և 3-րդ տեղ՝ 12:

««Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը 2012 թ.­-ին ընդգրկվել է կառավարության գերակա միջոցառումների շարքում որպես միջոց, որով պետությունը խրախուսելու եւ հայտնաբերելու է լավագույն ուսանողներին եւ աջակցելու է նրանց՝ հետագա մասնագիտական կատարելագործման ընթացքում: Մրցույթում հաղթող ճանաչված ուսանողները ստանում են ֆինանսական աջակցություն պետության կողմից: Առաջին տեղի համար սահմանված է 440 հազար դրամ, 2­-րդ տեղի համար` 270 հազար դրամ, 3-­րդ տեղի համար` 220 հազար դրամ պարգևատրում: Դրամական պարգևը, հուսով եմ, կօգնի լուծել ուսման վարձի կամ կրթության հետ կապված այլ խնդիրներ:Այս տարի մրցույթն անցկացվել է 7 անվանակարգում, որին գումարվել են նաև Վեհափառ հայրապետի կողմից սահմանված հատուկ մրցանակները, այն է՝ տարբեր բուհերում սովորող երեք ուսանողների  ուսման վարձի ամբողջական փոխհատուցում>>,- նշել է նախարարը և հավելել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից «Հայրապետական կրթաթոշակ» սահմանելու պայմանավորվածությունը ՀՀ ԿԳ նախարարի ու Ամենայն հայոց հայրապետի միջև ձեռք է բերվել նախորդ տարի՝ Գարեգին Բ կաթողիկոսի՝ ՀՀ ԿԳՆ կատարած այցի ժամանակ:

Նախարարի խոսքով` հաղթող ճանաչված ուսանողների մեջ կան մարզային բուհերի ուսանողներ, ինչը  ուրախալի փաստ է. «Սա վկայությունն է այն բանի, որ այսօր Հայաստանում հնարավոր է ստանալ լավ կրթություն նույնիսկ Երևանից դուրս: Մյուս կողմից էլ` մարզերի ուսանողները մի քիչ ավելի աշխատասեր են լինում, և եթե միջինացված նայենք, նրանք ավելի ուշիմ են և զերծ են մնում մայրաքաղաքային կյանքի որոշ գայթակղություններից, որոնք կարող են երևանյան բուհերի ուսանողներին շեղել կրթությունից: Այս տարի գրեթե հավասար էր նաև աղջիկ­-տղա հարաբերակցությունը մրցանակակիրների թվում, որը ևս կարևոր է»,­- շեշտել է Ա. Աշոտյանը:

Կարդացեք նաև

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթը:

«Լավագույն ուսանող» մրցույթը կազմակերպվել է ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի  1005 – Ն որոշման համաձայն՝  երկու փուլով:
Առաջին փուլը ներբուհականն է՝ մրցույթն անցկացվել է բուհերի հանձնաժողովների կողմից: Երկրորդ փուլում մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի կողմից:

Մրցութային հանձնաժողովի կազմը գլխավորում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալը, այն կազմված էր 11 անդամից և ձևավորվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության, բուհերի, Երիտասարդական հիմնադրամի և ուսանողական համայնքի  ներկայացուցիչներից::

Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` 1-ին կուրսի առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, յուրաքանչյուր բուհից, յուրաքանչյուր ոլորտում  ներկայացվել է մեկական թեկնածու՝ 1 բակալավր, 1 մագիստրոս:

Մրցութային հանձնաժողովի կողմից գնահատման հիմնական չափանիշներն են հանդիսացել՝ առաջադիմությունը, գիտական աշխատանքները, հասարակական ակտիվությունը, մասնագիտական ձեռբերումները, կիրառվել է գնահատման  3-ից 10 միավորանոց սանդղակ:

Տեսանյութեր

Լրահոս