
Ուկրաինական բանակը կարող է գրավել ողջ Ռուսաստանը. Սաակաշվիլի

Lenta.ru-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ ուկրաինական բանակը կարող է գրավել ողջ Ռուսաստանը: Սաակաշվիլին այդ մասին հայտարարել է ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում.
«Ուկրաինայի գլխավոր խնդիրը հակատանկային հնացած սպառազինությունն է: Սակայն նորը կա ԱՄՆ-ում, և եթե նրանք հատկացնեն դա, և Ուկրաինան ոչնչացնի ռուսական առաջին 50 տանկերը, ապա ամեն ինչ կդասավորվի ընդհանրապես այլ կերպ:
Մեր սպաները, որոնց պատրաստել են ամերիկացիները, այժմ պատրաստում են ձեր զինվորականներին: Նրանք պատմում են, որ ուկրաինացի զինվորի ոգին լավագույնն է աշխարհում: Եվ եթե նրանց տան անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու զենք, ապա նրանք կարող են գրավել ողջ Ռուսաստանը»:
Սաակաշվիլու խոսքերով` կա մեծ հավանականություն, որ Ուկրաինան ռազմական օգնություն կստանա ԱՄՆ-ից: