
2015 թվականին Ռուսաստանում քննություն պետք է հանձնի մոտ 3.4 միլիոն ներգաղթյալ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` 2015 թվականին Ռուսաստանում գրեթե 3.4 միլիոն ներգաղթյալ հանձնելու է ռուսերենի, պատմության ու օրենսդրության հիմքերի իմացության քննություն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մամլո ծառայությունը:
2015 թվականի հունվարից Ռուսաստանում գործում են միգրացիոն նոր կանոններ: Այժմ աշխատանքի արտոնագրի, ժամանակավոր կեցության թույլտվության ձևակերպման համար բոլոր օտարազգիները` բացառությամբ որակյալ մասնագետների, պարտավոր են տիրապետել ռուսերենին, Ռուսաստանի պատմությանն ու օրենսդրությանը:
Այժմ մոտ 3.4 միլիոն օտարազգի պետք է հանձնի այդպիսի քննություն, որոնցից մոտ 1.5 միլիոնը կարիք ունի հավելյալ նախապատրաստության: Ռուսաստանում արդեն իսկ գործում է 334 դասընթաց` օտարազգիներին ռուսերեն, պատմություն ու օրենսդրություն սովորեցնելու համար:
Դրանցից 108-ը ստեղծվել են Դաշնային միգրացիոն ծառայության անմիջական աջակցությամբ ու անվճար են ուսանողների համար: Ռուսաստանում շատ ներգաղթյալներ (տարեկան 3-5 միլիոն) աշխատում են ապօրինի և ներգրավված են տնտեսության ստվերային ոլորտում: Մոտ 600.000 ոչ վիզային ներգաղթյալներ խախտում են Ռուսաստանում մնալու ժամկետը: