Տիտանների մենամարտը
Ներքաղաքական կյանքը գնալով հետաքրքիր ու նաև զվարճալի է դառնում: Երեկ հերթական ուրախության առիթն ընթերցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախօրեի ելույթին` հայտարարել է, թե` «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին»: «Տպավորություն ստացա, որ մի քանի հոգի են աշխատել ու մեխանիկորեն կպցրել իրար»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Թե ով կամ ովքեր են գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը, այլ հարց է: Սակայն, երբ այդ մասին խոսում է Գալուստ Սահակյանը, ով Հայաստանի քաղաքական դաշտում «դժվարըմբռնելի» մտքերի անվիճելի առաջատարն է, դա իսկապես զվարճալի է:
Իհարկե, հնարավոր է` այսպիսով իշխանությունը ցանկանում է ցույց տալ, որ լուրջ չի ընդունում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված քննադատությունն ու սպառնալիքները: Այսինքն` Ծառուկյանին պատասխանում է Սահակյանով:
Սակայն դա նույնքան անլրջացնում է իշխանությանը: Անկախ նրանից` ով ինչպես է վերաբերվում ԲՀԿ-ին ու Ծառուկյանին, այսօրվա իրողությունն այն է, որ նա ի վիճակի է, ինչպես ինքն է ասում, հարյուր-հազարավոր քաղաքացիների հանել փողոց: Մի կողմ թողնենք նաև այն հանգամանքը, որ տնտեսական մենաշնորհի, կոռուպցիայի մասին խոսում է Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկը, ով, ի դեպ, նաև Անվտանգության խորհրդի անդամ է: Թե ով է գրել հասարակության դժգոհությունների մասին Ծառուկյանի ելույթի տեքստը, կրկնում ենք, այլ հարց է: Դրանից չի հետևում սակայն, որ Հայաստանում բացակայում է այն քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բացասական ֆոնը, որին հղում անելով` Ծառուկյանը խոսում է իշխանափոխության մասին:
Իշխանությունը, սակայն, պատասխանում է մոտավորապես այսպես. «մենք վատն ենք, բայց մեր դեմ պայքարողները` ի դեմս Ծառուկյանի, ավելի վատն են»: Սա ծիծաղելի է գրեթե այնքան, որքան Գալուստ Սահակյանի դատողությունները` «դժվարընթեռնելիության» մասին: