Բաժիններ՝

«Նման տեղեկատվության հրապարակումը միանշանակ ունի նպատակ՝ կեղծելու և կոծկելու բուն հանցագործությունը». Արթուր Սաքունցը՝ Պերմյակովի հիվանդության լուրերի մասին

«Այդ տեղեկությունների հավաստիությունն արդեն իսկ կասկածի տակ է, որովհետև մինչ այդ այն տեղեկատվությունը, որը տարածվել էր Պերմյակովի հետ անմիջական առնչություն ունեցող տեղեկատվության աղբյուրներից, որևէ տեղեկատվություն  նրա առողջական վիճակի հետ կապված չկար»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, թե 19-ամյա Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում 7 մարդ սպանելու մեջ, տառապում է օլիգոֆրենիա հոգեբուժական հիվանդությամբ՝ ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Ինչպես գրում են ռուսական տարբեր լրատվամիջոցներ, Վ. Պերմյակովը դեռևս Չիտայում ծառայելիս ավելի քան մեկ ամիս պառկել է կլինիկական զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում: Բժիշկները նրա մոտ գրանցել են պահվածքի լուրջ շեղումներ:

Նշենք, որ օլիգոֆրենիան ճանաչողական գործունեության կայուն խանգարում է, որն առաջանում է գլխուղեղի օրգանական խանգարման պատճառով և ԿՆՀ-ի (կենտրոնական նյարդային համակարգ) խանգարման պատճառով:

Ա. Սաքունցը կարևորում է այն, թե առաջին հերթին՝ Պերմյակովի հայրն ինչ է ասել հարցազրույցի ժամանակ, ինչպես նաև այն, ինչ ասել էին նրա զինակիցներն ու հրամանատարները. «Այսինքն՝ որևիցե մեկի կողմից Պերմյակովի առողջական վիճակի մասին նման բնույթի տեղեկատվություն չկար: Երբ հայկական լրատվամիջոցները մի քանի շատ լուրջ հարցադրում և վարկածներ ներկայացրեցին, նախ՝ գործի քննումը Ռուսաստանի իրավապահների կողմից՝ որպես ապօրինի, նաև վարկածները, որ ինքը, ամենայն հավանականությամբ, մենակ չի եղել, կամ առնվազն այլ մարդիկ  են եղել, հետևաբար՝ ավելի ուշ ռուսական ԶԼՄ-ներով տեղեկատվության այդ արշավը և դրանց շրջանակում նման  տեղեկատվության հրապարակումը միանշանակ ունի նպատակ՝ կեղծելու և կոծկելու բուն հանցագործությունը, որ շատ ավելի սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել՝ ոչ միայն ամբողջ ընտանիքի ոչնչացման իմաստով, այլ նաև՝ կատարողի տեսակետից»:

Ա. Սաքունցի խոսքով՝ առանց փորձաքննության՝ նման տեղեկատվության տարածումը կանխորոշում է հնարավոր քննչական գործողությունները ռուսական կողմից, որ պետք է արվեն. «Եվ միանշանակ է, որ հանցագործությունը ոչ միայն կոծկելու նպատակ ունեն, այլ նաև հնարավոր ճշմարտությունների բացահայտման դեպքում, որը կարող է նույն Պերմյակովն արտահայտի կամ ներկայացնի դատական պրոցեսի ընթացքում, նրանք արդեն ի սկզբանե փորձեն պատասխան ունենան, որ սա հոգեկան առողջական խնդիր ունեցող մարդու կողմից տրված տեղեկություն է: Բայց սրանք շատ պարզունակ քայլեր են, որ մենք լուրջ նշանակություն տանք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս