Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին: Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, որոնք ուղղված են բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային կառույցների ձևաչափով:
Վարչապետի խոսքով՝ կարևոր է, որ ԵՏՄ-ն ստեղծվել է փոխըմբռնման և բարեկամության հիմքի վրա և կոչված է ապահովել անդամ երկրների ժողովուրդների բարեկեցությունը: Ողջունելով Ղրղզստանի միանալը ԵՏՄ-ին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի Միության տնտեսական ներուժի ավելացմանը:
Հովիկ Աբրահամյանը վտահեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կշարունակեն սերտորեն համագործակցել ԵՏՄ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ՝ ԵՏՄ շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների և ԵՏՄ պայմանագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով:
Ելույթի վերջում վարչապետ Աբրահամյանն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկն անցկացնել Հայաստանում:
Անցնելով նիստի օրակարգային հարցերին՝ կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵՏՄ շրջանակում տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, որոշվել է համատեղ մշակել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքում Եվրասիական ինժեներինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգ: Նիստում քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության միանալուն առնչվող հարցեր:
Նիստի վերջում ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր: Նիստում որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը անցկացնել մայիսի վերջին՝ Ղազախստանում: