Ինչո՞ւ է ռուսական մամուլը Պերմյակովին ներկայացնում՝ որպես օլիգոֆրեն. ռուսաստանցի ռազմական փորձագետները մտահոգ են

Թեև Բալեյ քաղաքի զինվորական կոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին բազմիցս պնդել էր, թե Գյումրիի ողբերգության գլխավոր մեղադրյալ Վալերի Պերմյակովը հոգեկան խնդիրներ չի ունեցել, ռուսաստանյան ԶԼՄ-ները երեկ մեկը մյուսի ետևից համացանցը հեղեղեցին տեղեկություններով, թե Պերմյակովը օլիգոֆրենիա (սակավամտություն) հիվանդությամբ է տառապում և զոևակոչվելուց ամիսներ առաջ նույնիսկ բուժում է ստացել: Այս տեղեկությունները դեռ պաշտոնական որևէ հերքում չեն ստացել, և, ոմանց կարծիքով՝ պատահաբար չեն հայտնվել ռուսական առաջատար լրատվամիջոցների էջերում: Ըստ այդ կարծիքների` ռուսական կողմը նպատակ ունի զինծառայողին անմեղսունակ ճանաչելու համար հող նախապատրաստել: Այնինչ ռուսաստանցի ռազմական փորձագետները գտնում են, որ նման տեղեկություններն այդ նպատակով չէ, որ հայտնվել են մամուլում: Ըստ նրանց, չի բացառվում, որ դրանք հիմք ունեն, իսկ այդ հիմքն ամոթալի է:

Anatolo Ciganok168.am-ի հետ զրույցում ՌԴ Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկն ասաց, որ համաձայն չէ շրջանառվող կարծիքների հետ, քանի որ ռուսական կողմի նպատակն է՝ զինծառայողին պատժել օրենքի ողջ խստությամբ: Եթե, ըստ Ցիգանոկի, պարզվի, որ նա հիվանդ է եղել կամ ունեցել է շեղումներ, ապա կպատժվեն բոլոր մեղավորները, որովհետև ռուսական կողմը նման որոշում է կայացրել:

«Այստեղ հետաքրքիրը հետևյալն է`Ռուսաստանում այսօր զորակոչի հարցը լուրջ է, զինծառայողների լուրջ պակասություն կա, ուստի շատ հաճախ է պատահում, որ զորակոչային հանձնաժողովների ղեկավարներն անտեսում են որոշակի շեղումները` ցանկանալով իրենց աշխատանքի «պլանը» լրացնել: Չի բացառվում, որ հանձնաժողովի ղեկավարը որոշի, որ շեղում ունեցող մարդը պետք է ծառայի, ապա ճնշում գործադրի բժիշկների նկատմամբ, որպեսզի նրանք աչք փակեն նրա խնդիրների վրա: Ամեն դեպքում, ինչ էլ որ պարզվի, վստահ եմ, որ նա դատապարտվելու է պատժի, ու նրան պետք է դատել, այդ մասին ասել է նաև Բաստրիկինը»,- նշեց Ցիգանոկը:

Վերջինս ասաց, որ ՌԴ բանակում այսօր կան մի շարք լուրջ խնդիրներ, որոնց հետ ևս պետք է կապել Գյումրիում տեղի ունեցածը: «Շատ սխալներ են լինում: Ի դեպ, վերջին 25 տարվա խնդիրն է, զորակոչը քիչ է: Սա տիպիկ դեպք է և հատուկ ռուսական բանակին: Այլ հարց է, որ նման զինծառայողները չպետք է հայտնվեն ոչ ճիշտ տեղում: Իսկապես շատ լուրջ խնդիրներ կան»,- ասաց նա:

Alexandr GolcՌուսաստանցի մեկ այլ ռազմական փորձագետ՝ Ալեքսանդր Գոլցը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ շխանությունների շահերից չի բխում Պերմյակովին անմեղսունակ ներկայացնելը: «Նրանց շահերից է բխում ամենախիստ պատժով պատժելը, որը նման հանցագործության դեպքում հնարավոր է: Եթե հաշվի առնենք ռուսական օրենսդրությունը, ապա այն ենթադրում է ցմահ ազատազրկում, այլ տարբերակներ չեն կարող լինել: Եթե նրա՝ օլիգոֆրեն լինելու տեղեկությունը հաստատվեր, դա հրեշավոր ամոթ կլիներ ՌԴ ԶՈՒ-ի համար»,- ասաց Գոլցը:

Տեսանյութեր

Լրահոս