«Կան ինչ-որ ուժեր, որոնք զբաղված են այդ երիտասարդի ապագայի փրկությամբ». Վարդան Հարությունյանը՝ Վ. Պերմյակովի հիվանդ լինելու լուրերի մասին
«Եթե այս խոսակցությունները հաստատվեն, դրանք չափից ավելի էական նշանակություն կունենան գործի ընթացքի և ավարտի վրա»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, թե 19-ամյա Վալերի Պերմյակովը, ով մեղադրվոմ է Գյումրիում 7 մարդ սպանելու մեջ, տառապում է օլիգոֆրենիա հոգեբուժական հիվանդությամբ, ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Ինչպես գրում են ռուսական տարբեր լրատվամիջոցներ, Վ. Պերմյակովը դեռևս Չիտայում ծառայելիս ավելի քան մեկ ամիս պառկել է կլինիկական զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում: Բժիշկները նրա մոտ գրանցել են պահվածքի լուրջ շեղումներ:
Նշենք, որ օլիգոֆրենիան ճանաչողական գործունեության կայուն խանգարում է, որն առաջանում է գլխուղեղի օրգանական խանգարման պատճառով և ԿՆՀ-ի (կենտրոնական նյարդային համակարգ) խանգարման պատճառով:
Վ. Հարությունյանը քիչ հավանական է համարում, թե այդ խոսակցությունները կհաստատվեն, որովհետև Պերմյակովը զորակոչի բոլոր բժշկական քննությունները անցել է, և, ամենայն հավանականությամբ, ոչ մի նմանհիվանդություն չի ունեցել: Միաժամանակ Վ. Հարությունյնաը նշեց՝ եթե հանկարծ հաստատվեն այդ խոսակցությունները, ապա այն լուրջ ազդեցություն կունենա գործի ընթացքի և ավարտի վրա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նրան անմեղսունակ ճանաչեն, իրավապաշտպանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, եթե ընթանում է այդ ուղղությամբ. «Բայց ես չեմ կարծում, որ քննչական մարմինը (անկախ նրանից, թե ովքեր են լինելու` ռուսները, թե հայերը) դրան պետք է չափից ավելի լուրջ մոտենա, բայց նաև չեմ բացառում, որ դա կարող է լրջանալ»:
Հարցին, թե՝ ինչո՞վ եք պայմանավորում այն, որ դեպքից 25 օր հետո են հայտնվել նման տեղեկություններ, Վ. Հարությունյանը պատասխանեց. «Կան ինչ-որ ուժեր (չգիտեմ` ինչ ուժեր են, բայց անկասակած ռուսական ուժեր են), որոնք կոնկրետ փորձում են կամ զբաղված են այդ երիտասարդի ապագայի փրկությամբ»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ հատո՞ւկ են այդ տեղեկությունները շրջանառության մեջ դրել, Վ. Հարությունյանն այսպես պատասխանեց.
«Այո: Առավել ևս, հաշվի առնելով այն, որ լուրը տարածվել է «LifeNews»-ով, դա Կրեմլի խոսնակ հեռուստանընկերություն է, դա քարոզչամիջոց է, նշանակում է, որ ինչ-որ մարդիկ կամ ինչ-որ ուժեր կան, որ դրանով զբաղվում են: Դա մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու ճշմարտացիությունն այն մտքի, որ քրեական գործն անկասկած պետք է վարվեր հայկական կողմում, և ռուսական կողմն ընդհանրապես պետք է դրա հետ առնչություն չունենար»: