
Ստեփան Մարգարյան. «Այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել»

«Այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել: Ես վիրավորելու համար չեմ ասում, որովհետև սրանք Գալուստ Սահակյանի արտահայտությունները չեն»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ մեկնաբանելով tert.am-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե՝ «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին»:
«Ես կնախընտրեի ցանկացած քաղաքական գործչի կամ անձի հետ բանավեճի մեջ մտնել բովանդակության առումով, համաժողովի և Գագիկ Ծառուկյանի ելույթի բովանդակության: ԱԺ ամեն մի նիստում հակասություններ ենք տեսնում»,- շարունակեց Ս.Մարգարյանը՝ օրինակ բերելով, որ ոչ իշխանական ուժերի ներկայացրած նախագիծը շրջանառության հարկի մասին կանոնադրության խախտումով չդրվեց քննարկման, հակասություն և օրենքի կոպիտ խախտում է, որ ՎՊ կանոնակարգը խախտվում է, «դեռ բացատրում են, թե ճիշտ են, հակասություն է, որ ԱԺ-ն իշխանության կարևոր մարմին լինելուց գնալով դառնում է այլ մարմինների կցորդ»:
Ըստ Ս.Մարգարյանի՝ առկա դրությունը կխորանա, երկիրը կամ պատերազմի մեջ կմտնի, կամ փլուզումների մեջ կմտնի ու անդառնալի իրավիճակի մեջ կհայտնվենք: Նրա խոսքով՝ «հակասությունը» պոպուլիստական արտահայտություն է: Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն խուսափում է Հովիկ Աբրահամյանի անունը հնչեցնելուց, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե իր ելույթներում հնչում են քննադատություններ և՛ վարչապետի, և՛ կառավարության հասցեին: