
ԱՄՆ-ը գործարկել է Կուբան իր «սև ցուցակից» դուրս բերելու գործընթաց

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը գործարկել է Կուբան ահաբեկչություն ֆինանսավորող երկրների ցուցակից հանելու գործընթաց, որպեսզի դրանով իսկ հնարավորություն ստանա Հավանայում բացել դեսպանատուն: Այս մասին գործակալությանը հայտնել են Սպիտակ տանը նրա աղբյուրները:
Նրանց խոսքերով՝ ԱՄՆ-ը ցանկանում է Կուբայի մայրաքաղաքում դիվանագիտական լիարժեք ներկայացուցչություն բացել արդեն ապրիլին՝ նախքան Պանամայում կայանալիք տարածաշրջանային գագաթաժողովը, ուր պլանավորված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հանդիպումը:
Սակայն Հավանան հրաժարվում է բարձրացնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, քանի դեռ Վաշինգտոնն իր «սև ցուցակից» չի բացառել Կուբան, ինչը բարդացնում է մնացյալ աշխարհի հետ Կուբայի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները:
ԱՄՆ-ը Կուբան այդ ցուցակում ընդգրկել է 1982 թվականին՝ նրան մեղադրելով Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի ապստամբներին սպառազինություն մատակարարելու մեջ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի երկրորդ կեսին ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը 1961 թվականից հետո առաջին անգամ ժամանել էր Կուբա: