
Մաքքեյնը խոստացել է Կոնգրեսի միջոցով հասնել Ուկրաինային զենք մատակարարելուն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի օրենսդիրները մշակելու են օրենք, որում պահանջվելու է, որ ԱՄՆ-ը զենք մատակարարի Ուկրաինային, եթե երկրի նախագահ Բարաք Օբաման ինքը չընդունի այդպիսի որոշում:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը: Նա լրագրողների հետ հանդիպմանը բերել է մոտ մեկ տասնյակ հանրապետական ու դեմոկրատ սենատորներ՝ Օբամայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա զենք մատակարարի Ուկրաինային և դրանով իսկ օգնի դիմակայել ռուսամետ անջատողական շարժմանը:
Սենատորները հայտարարել են, որ ԱՄՆ-ը վրջապես պետք է կողմնորոշվի ու ամուր դիրքորոշում որդեգրի Ուկրաինայի հարցում: Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ դա ճակատամարտ է ժողովրդավարության ու ավտորիտար բռնապետության միջև, և որ իրենք պետք է աջակցեն կողմերից մեկին:
Ավելի վաղ ԱՍՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրենք դիտարկում են Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հնարավորությունը: