
Պորոշենկոն, Մերկելը և Օլանդն ավելի քան 5 ժամ քննարկել են Դոնբասի հարցը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ ավելի քան 5 ժամ բանակցել է երկրում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերն աջակցություն են հայտնել Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորմանը և հույս են հայտնել, որ Ռուսաստանը շահագրգռված է դրանում:
Բացի այդ, նրանք քննարկել են Մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ուղիները, որոնք հանդիսանում են հակամարտության կարգավորման հիմքը և մշակել են հետագա քայլերի մասին ընդհանուր առաջարկներ:
Երեք առաջնորդները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը, օտար զորքերը դուրս բերել Ուկրաինայից, հետ քաշել ծանր տեխնիկան ու սպառազինությունը, փակել սահմաններն ու ազատել բոլոր պատանդներին: Կողմերը քննարկել են նաև «նորմանդական ձևաչափով» երկխոսության զարգացման հնարավորությունը: