«Ուզում են խելառ սարքե՞ն, տանեն ազատե՞ն, հարիֆ են գտել, էլի». Լևոն Բարսեղյանը՝ Պերմյակովի հոգեկան հիվանդություն ունենալու լուրերի մասին
«Կասեմ, որ էշն իրենք են, խոտը մեր առաջ են դրել՝ Հայաստանի իշխանությունների թույլտվությամբ»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որ Գյումրիում 7 մարդու սպանության մեջ մեղադրվող ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է հոգեբուժական հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով, նման տեսակետ հայտնեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նա նկատեց, որ Ռուսաստանից ահռելի թվով քննիչներ խառնված էին այս գործին հենց հաջորդ օրվանից. «Այդ ինչո՞ւ են 25 օր հետո իմանում, որ իբր թե չգիտեմ՝ որտեղ, չգիտեմ՝ ինչից է բուժվել: Այսինքն՝ ուզում են խելառ սարքե՞ն, տանեն ազատե՞ն, հարիֆ են գտել, էլի, փաստորեն: Խոստակերն իրենք են»:
Լ. Բարսեղյանը կարծում է՝ նման տեղեկություններ հրապարակելով՝ ուզում են Վ. Պերմյակովին անմեղսունակ ճանաչել ու ազատել. «Դե հիմա այնտեղ կասեն՝ ինչի՞ եք խելառին տարել բանակ, մի երկու հոգու պաշտոնից կզրկեն մի երկու շաբաթով, այդ սցենարն են ուզում խաղարկեն, բայց որպեսզի հասկացվի՝ իսկապե՞ս այդ մարդն այդպիսի խնդիրներ ունի՝ չունի, այդ վիճակո՞ւմ եղել է, թե՞ ոչ, առնվազն 1 ամիս հոգեբուժական դատաքննություն է պետք իրականացնել՝ ստացիոնար պայմաններում: Այսինքն՝ կոնկրետ փորձագետների, մասնագետների հսկողության տակ՝ ինքը պետք է մեկ ամիս հետազոտվի, որ այդ մարդիկ եզրակացության գան՝ այս մարդը մեղսունակ է եղե՞լ, թե՞ անմեղսունակ»:
Լ. Բարսեղյանի խոսքով՝ սա հերթական անեկդոտն է: