«Երևի ոստիկանությունը որոշել է պատանդ վերցնել Մնացական Ալեքսանյանին». Լևոն Բարսեղյան

«Ես իմացա, որ հավաքվել էին գյուղում, բայց թե ինչ է եղել հետո, ես տեղյակ չեմ, բայց գյուղացիները բորբոքված էին»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով Սառնաղբյուր գյուղում ստեղծված լարված իրավիճակի մասին՝ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 1993 թվականին ծնված Մնացական Ալեքսանյանին հրավիրել էին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին ու ձերբակալել, որի հետևանքով այսօր Սառնաղբյուր գյուղում գյուղացիները պատրաստվում էին բողոքի ալիք բարձրացնել: Հիշեցնենք նաև, որ Մ. Ալեքսանյանը Գյումրում տեղի ունեցած ոճրագործությունից հետո ծավալված բողոքի ակցիաների մասնակիցներից էր, որին արդեն մի քանի անգամ ոստիկանությունը հարցաքննության է կանչել:

Ըստ Լ. Բրասեղյանի՝ երևի ոստիկանությունը որոշել է պատանդ վերցնել Մ. Ալեքսանյանին. «Նրանք դեպքից երկու օր հետո Մնացականին հարցաքննել էին՝ 13 օր շարունակ, բաց էին թողել, հիմա նորից որոշել են բռնել: Իրենց խելքով՝ մտածել են, որ սադրիչ են գտել»:

Լ. Բարսեղյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք ունի՞ տեղեկություններ այլ քաղաքացիներին այդ օրվա հետ կապված բերման ենթարկելու մասին: Լ. Բարսեղյանը պատասխանեց, որ դեռևս չկան նման մարդիկ.

«Եթե լիներ՝ կիմանայի, դեռ որևէ մեկին չեն ձերբակալել: Անցյալ օրերին մոտ 40 հոգու կանչել ու հարցաքննել են, բայց երեկ միակ և առաջին դեպքն է եղել, որ ձերբակալել են»:

Հարցին՝ հնարավո՞ր է գործ հարուցեն Մ. Ալեքսանյանի նկատմամբ, Լ.Բարսեղյանն այսպես պատասխանեց.

«Դե ձերբակալության ժամկետն ավարտվում է շաբաթ օրը՝ ժամը 17:00-ին, և այդ պահին կա՛մ պետք է մեղադրանք ներկայացնեն ու խափանման միջոց ընտրեն, կա՛մ տուն ուղարկեն: Հիմա այս մարդուն, որ հարցաքննել՝ թողել են, անձնագիրն էլ վերադարձրել են 4 օր առաջ, մարդը չի փախել երկրից, երևի կթողնեն տուն, հետո գործը կքննեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս