
Ռուբեն Գևորգյան. «Հայրենասեր լինելու համար պետք է ունենաս եռասերունդ, ունենաս վարդագույն դեմք ու մանիկյուր կեցվածք»

«Երկիրը դուրս է եկել իր զորության ուղուց: Առավել սարսափելին այն է, որ իշխանավորները հայրենասիրությունը խառնել են ապրանքի հետ: Հայրենասեր լինելու համար պետք է իրենցից արտոնագիր ունենալ: Դարձրել են իրենց մոնոպոլիան: Հայրենասեր լինելու համար պետք է ունենաս եռասերունդ, ունենաս վարդագույն դեմք ու մանիկյուր կեցվածք»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գևորգյանը:
Ըստ նրա՝ հերոսապատում կերտած մեր ժողովրդի մեծամասնությունը սովից տարբեր գաղթօջախներում է հայտնվել: Ռ.Գևորգյանի խոսքով՝ մտել ենք մի թունել, որի վերջը չի երևում, վատնում են մի ամբողջ ժամանակ, որն իրենցը չէ, այլ ժողովրդինն է:
Երդվյալ ազատամարտիկների անունից Ռ.Գևորգյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել համաժողովրդական շարժմանը և դրա մեծագույն առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: