Վահե Հովհաննիսյան. «Մեր երկրում չի կարող լինել և չպետք է լինի ներքին թշնամանք և ներքին ատելություն»

ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի բացման խոսքը փետրվարի 5-ին մեկնարկած՝ Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին.

«Հարգելի գործընկերներ

Թույլ տվեք սկսել մեր խորհրդաժողովի աշխատանքները: Վստահ եմ՝ մեզ այսօր սպասում է դժվար, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ու կարևոր աշխատանք:

Այստեղ են հավաքվել հասարակության տարբեր շերտեր ներկայացնող՝ քաղաքական, հասարակական ուժեր և անհատներ:

Այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք և ինչի ուղղությամբ մենք նպատակադրված աշխատել ենք, այսօր այս դահլիճում դարձել է իրականություն: Խոսքը հասարակական լայն կոնսոլիդացիայի մասին է: Եվ ամենևին պարտադիր չէ ու նույնիսկ ցանկալի չէ, որ բոլորս բոլորի հարցերի շուրջ ունենանք նույն կարծիքն ու տեսակետը: Եթե մենք պայքարում ենք քաղաքական մենաշնորհի դեմ, պետք է առաջին հերթին պետք է թույլ չտանք դա հենց մեզ մոտ:

Մենք պետք է խուսափենք նաև մեզանում անձի պաշտամունքի դրևորումներից:

Մենք կարևորում ենք, որ այսօրվա խորհրդաժողովը անցնի իսկապես բազմակարծության, առողջ քննարկումների, ինչու չէ՝ բանավեճերի մթնոլորտում, որոնց ժամանակ կհնչեն գործնական առաջարկներ ու լուծումներ:

Այս դահլիճում հավաքվել են իսկապես երկրի խնդիրներով մտահոգ մարդիկ, ովքեր շատ լավ են պատկերացնում մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները և ովքեր չեն ուզում և չեն կարող լինել կամ մնալ անտարբեր:

Իմ անձնական կարծիքով՝ մեր խորհրդաժողովը կհամարվի հաջողված, եթե մենք կարողանանք լուծել մի քանի խնդիր.

Առաջին. Ցույց տալ հասարակությանը, որ իշխանությունից դուրս ձևավորվել է լուրջ բևեռ, որը հանդես է գալիս ծրագրային առաջարկներով և որը պատրաստ է վերցնել ցանկացած բեռ և պատասխանատվություն: Անթույլատրելի է, որ երկրում որոշումներ կայացնելու և իրականացնելու համակարգից դուրս են մնացել հսկայական մարդկային և մտավոր ներուժ ունեցող  քաղաքական և հասարակական ուժեր:

Երկրորդ. Եթե այս  միջոցառումից հետո, մեր ամենօրյա աշխատանքով մենք կարողանանք քայլ առ քայլ փոխել հասարակության մեջ որոշակի  անտարբերության և մշտապես չեզոք մնալու ցավոք, մեր հասարակությանը բնորոշ ոճը, ապա փոփոխությունները կլինին շատ ավելի արագ: Երբ քաղաքացին դառնա պահանջատեր իր երկրում իր կյանքի փոփոխության գաղափարի հանդեպ, ապա ոչ մի ուժ չի կարող կասեցնել այդ փոփոխությունները:

Երրորդ. Ես շատ կարևորում եմ, որ այս դահլիճում նստած յուրաքանչյուրը գիտակցի պատասխանատվության իր չափը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ հաջողությունը կախված է յուրաքանչյուրի աշխատանքից: Սա բոլորիս գործն է` հետևաբար բոլորս կրում ենք պատասխանատվություն,միևնույն ժամանակ պետք է լինենք` պահանջատեր մեր առաջարկների և մեր տեսակետների համար:

Հարգելի գործընկերներ

Եվ վերջում, ես ուզում եմ կարևորել մեկ խնդիր ևս: Իմ խորին համոզմամբ՝ մեր երկրում չի կարող լինել և չպետք է լինի ներքին թշնամանք և ներքին ատելություն: Ինչպես այս դահլիճում, այնպես էլ  Իշխանության մեջ կան գրագետ, պարկեշտ մարդիկ և շրջանակներ, որոնք անշուշտ, պետք է ունենան իրենց դերակատարումը Հայաստանի զարգացման գործում: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդաժողովում, իսկապես, տեղ չի ունենա թշնամանքի և անձնական վիրավորանքների բառապաշարը:

Եվ խորհուրդ կտամ հետագա նիստերը վարողներին այս հարցերում լինել կտրուկ և անհանդուրժող»:

Տեսանյութեր

Լրահոս