Ռ.Հակոբյան. «Պետք է կասեցնենք իշխանության լկտիությունը»
Այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ եթե այս համաժողովը չդառնա իրական փոփոխությունների սկիզբ, իրական քայլեր չձեռնարկվեն, ուրեմն՝ իրենք էլ պատասխանատու են գաղջ մթնոլորտի համար:
«Պետք է կասեցնենք իշխանության լկտիությունը»,- հայտարարեց Ռ.Հակոբյանը:
Նա թվեց այսօրվա մարտահրավերները՝ հասարակության անվստահությունը իշխանության նկատմամբ, երկրի տնտեսության զարգացման ծրագրի բացակայությունը:
«Համաժողովրդական շարժման ժամանակ ցանկացած որոշում պետք է միասնական լինի»,- ասաց Հակոբյանն ու կոչ արեց հավատարիմ մնալ քարեր հավաքելու և քարեր նետելու Աստվածաշնչյան իմաստնությանը:
Ըստ նրա՝ ամենամեծ հարվածը հասցնում է ընտրությունների կեղծումը, և պետք չէ սեփական սխալները չնկատել և միայն ուրիշներին մեղադրել: Հակոբյանը նշեց, որ պատասխանատվությունը միայն իշխանության վրա պետք չէ դնել, դա շարժման անկեղծության մասին չի խոսի:
«Նրանք այդքան մտավոր կարողություն չունեին՝ այդքան հանցագործություն կատարելու»,- ասաց Ռ.Հակոբյանը: