Բաժիններ՝

ՀԱՊԿ-ի երկրները վաղը Երևանում կքննարկեն ապօրինի ներգաղթի դեմ պայքարի հարցը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 5-ին Երևանում տեղի է ունենալու ապօրինի միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ-ի անդամ երկրների իրավասու մարմինների կոորդինացիոն խորհրդի նիստը, որը նախագահելու է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Նիստին մասնակցելու և դրանում ելույթ է ունենալու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այս մասին գործակալությանը հայտնել են ՀԱՊԿ-ում նրա աղբյուրները:

Նրանց հաղորդմամբ՝ նիստի մասնակիցները քննարկելու են ՀԱՊԿ-ի ձևաչափով օպերատիվ-պրոֆիլակտիկ համատեղ միջոցառումների և ապօրինի ներգաղթին հակազդելուն ուղղված «Ալեգալ 2015» պայմանական անունով հատուկ գործողության  կազմակերպումն ու անցկացումը:

Բացի այդ, քննարկվելու է աշխատանքային ներգաղթի ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունն ու ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ փոխգործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ապօրինի ներգաղթին հակազդելու ընդհանուր մոտեցումները՝ կապված ԵՏՄ-ի գործարկման մեկնարկի հետ:

Նիստին մասնակցելու են ՀԱՊԿ-ի անդամ երկրներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԱՊՀ գործկոմի ու Մոսկվայում գործող Ներգաղթի հարցերով միջազգային կազմակերպության բյուրոյի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս