Ուկրաինայի խորհրդարանը Հաագայի դատարանին առաջարկել է ռուս պաշտոնյաներին դատել ռազմական հանցանքների համար
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ռուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեմ հայտարարությամբ դիմել է Միջազգային քրեական դատարանին՝ նրանց մեղադրելով Ուկրաինայի քաղաքացիների դեմ հանցանքներ գործելու մեջ: Ուկրաինայի խորհրդարանի հայտարարությունում նշված է.
«Ուկրաինայի Գերագույն ռադան այս հայտարարությամբ ճանաչում է Միջազգային քրեական դատարանի իրավասությունը Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների ու «ԴԺՀ» և «ԼԺՀ» ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների կողմից մարդկության դեմ գործած հանցանքների ու ռազմական հանցանքների հանդեպ, որոնք հանգեցրել են հատկապես ծանր հետևանքների և Ուկրաինայի քաղաքացիների զանգվածային սպանություններից՝ սկսած 2014 թվական փետրվարի 20-ից ցայժմ»:
Նախաձեռնությանն աջակցել է նիստերի դահլիճում գրանցված 318 պատգամավորներից 271-ը: Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 226 քվե: