Բաժիններ՝

«Նա կարող է նույնիսկ 2 կմ քշել ու 1500 դրամ պահանջել ուղևորից, իսկ մենք չենք կարող այդպիսի բան անել». Տաքսու վարորդ

«Պետք է լինեն 2 կարգի վարորդներ՝ հացի փող վաստակող վարորդներ ու մասնագետ տաքսու վարորդներ: Այդ ամոթալի երևույթը, որ դու տաքսու վարորդ ես, վերջիվերջո, ուզում ենք՝ ժողովրդի միջից դուրս գա, բայց ինչպե՞ս տարբերվի իսկական տաքսու վարորդը՝ հացի փող վաստակողից. այս հարցն ենք ուզում, որ այսօր քննարկվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անհատ ձեռներեց տաքսու վարորդը:

Ասուլիսին հրավիրված վարորդներն իրենց դժգոհությունն էին հայտնում կառավարության կողմից կատարված լիցենզավորման կարգի փոփոխությունների պատճառով: Լիցենզավորման նոր պայմանների համաձայն՝ տաքսու վարորդները պետք է 2014 թ. դեկտեմբերի 25-ից դեղին համարանիշերը փոխարինեն սպիտակով և իրենց համար անհասկանալի վճարումներ կատարեն՝ ամսական և տարեկան: Բողոքի հիմնական առիթը 12 հազար դրամն է, որը նրանք ամեն ամիս պետք է վճարեն, որպեսզի ստանան տարբերակիչ նշան և փակցնեն դիմապակուն: Տաքսու վարորդները հստակ որոշել են և հայտարարում են՝ բոյկոտելու են և հինգշաբթի Կառավարության շենքի դիմաց ավտոերթ են կազմակերպելու:

«Մենք այսօր Տրանսպորտի նախարարության դեմ ոչ թե դուրս ենք գալիս բողոքարկելու, այլ՝ քննարկելու օրենքը, փոփոխություններ առաջարկելու: Մենք հինգշաբթի օրը կփորձենք հանդիպել Տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ և առաջին բանը, որ կներկայացնենք՝ 12 հազար դրամի շեմն է: Իսկ երկրորդը՝ կհարցնենք՝ ունե՞ք ծրագիր, որի շնորհիվ՝ տաքսու վարորդը կտարբերվի երեկոյան գործից հետո աշխատողներից: Կհարցնենք՝ ունե՞ք, թե՞ ոչ, եթե ոչ՝ ուրեմն եկեք ընդհանրապես 12 հազար դրամ չվճարենք»,- ասում է վարորդներից մեկը:

Վարորդները նաև նշեցին, որ եթե անգամ մեկ օր ուշացնեն ու չվճարեն այդ 12 հազար դրամը՝ նոր կտրոն ստանալու դիմաց, կտուգանվեն 50 հազար դրամով: Նրանց նաև անհանգստացնում են իրենց սպասվող ամենամսյա վազվզուքները, քանի որ կտրոնները պետք է ստանան հատուկ օֆիսներից. կարծում էին՝ գոնե կրպակներում կվաճառեին:

Ասուլիսի ընթացքում նրանք նաև խոսեցին ծառայության դիմաց ստացած գումարի չափի փոփոխությունների մասին և հաստատեցին, որ  իրենք, առանց որևէ մեկին տեղյակ պահելու՝ ավելացրել են գումարի չափը: Պատճառաբանեցին. «Քանի որ ավտոմասերը թանկացան, և գազի գինը նույնպես մի քանի անգամ թանկացավ, առաջվա մինիմալի չափը՝ 1-6 կմ 600 դրամը, կրճատվեց, դարձավ 1-4,1 կմ 600 դրամ, և այսօրվա տաքսու վարորդների  90 %-ն այս կարգով է աշխատում»:

Վարոդների կարծիքով՝ այն տաքսու վարորդին, ով այլ աշխատանքից հետո պարզապես տաքսու նշանը ավտոմեքենայի վրա դնելով՝ իրեն տաքսու վարորդ է համարում, ընդհանրապես չի հետաքրքրում, թե հասարակությունը «տաքսիստների» մասին ի՞նչ կխոսի ու ի՞նչ կմտածի: Ինչպես վարորդներից մեկը նշեց. «Նա կարող է նույնիսկ 2 կմ քշել ու 1500 դրամ պահանջել ուղևորից, իսկ մենք չենք կարող այդպիսի բան անել, մենք ունենք մեր մշտական հաճախորդները, որոնց մենք չենք կարող խաբել»: Վարորդներից մեկը նույնիսկ նշեց, որ այս ամենը նրանք գողություն են համարում, ու հիմա էլ այսպիսի գողություն անողները ոլորտում շատ են: Այժմ նրանք առաջարկում են՝ բոլորն այդ գումարը մուծեն, եթե՝ ոչ. ուրեմն՝ իրենք էլ չմուծեն, քանի որ կարծում են ՝միայն իրենք են հարկերը վճարում, իսկ մնացած վարորդներն օգտվում են դրանից:

Նրանք նաև նշեցին, որ չկա ոչ մի կանոնավոր ստուգում և՛ մեքենայի ստուգման համար, և՛ վարորդի: Ամբողջովին բարձիթողի վիճակում է, պարզապես, վճարելով 12 հազար դրամ և տարբերակիչ նշանը փակցնելով՝ այսօր վարորդն առանց բուժզննում անցնելու՝ կարող է աշխատել՝ որպես տաքսու վարորդ:

Վարորդներից մեկը՝ Սերգեյ Գևորգյանը, անդրադարձավ նաև  այսօրվա տաքսու վարորդի կերպարին ու հստակ նշեց, որ վատ ու ոչ պրոֆեսիոնալ վարորդների պատճառով՝ հասարակության մոտ ձևավորվում է ամբողջովին այլ պատկեր. «Չեմ ուզում հարցը քաղաքականացնել, բայց երբ Կիսելյովների նմանները գալիս են Հայաստան և մի տաքսու վարորդի օրինակ վերցնելով՝ որակավորում են մի ամբողջ ազգի ինտելեկտ, ինձ համար շատ ցավալի է լինում: Անդրադառնամ գործից հետո աշխատող տաքսու վարորդներին՝ չեմ մեղադրում, բոլորս էլ հայտնված ենք ծանր տնտեսական ճգնաժամի մեջ, բայց հասարակության համար որքանո՞վ է հաճելի, երբ նստում եք մի երիտասարդ «շոֆերի» կողքին, որն անթրաշ, ծխախոտը՝ բերանին, շորտիկով՝ ասում է՝ «քուր ջան, ո՞ւր տանեմ»: Սա խոսում է այն մասին, որ յուրաքանչյուրը նստում է ավտոմեքենան ու հաճախորդին տեղ հասցնում, հետևաբար՝ տաքսիների քանակն ավելանում է, և մեր աշխատավարձը պակասում է»:

Ասուլիսին հրավիրված վարորդներից մեկը՝ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ասաց, որ քննարկումներ ու հանդիպումներ Տրանսպորտի նախարարի հետ հաճախ են լինում, որտեղ նրանք կարողանում են քննարկել վարորդների այժմյան խնդիրները: «Այս օրենքը, 2 տարի է՝ չէր ընդունվում, Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ ուզում է հավասարեցնել վարորդներին, մենք կանգնած ենք  նրա կողքին և ուզում ենք, բայց հիմա հասկանում ենք, որ 12 հազար դրամ վճարելով՝ հարցը չի լուծվելու, այս դեպքում բոլորն էլ կարող են տաքսի վարել»,- ասաց վարորդը:

168 am-ի հարցին՝ հին օրենքում կար հստակ կետ, որտեղ նշվում էր՝ վարորդի և մեքենայի հաճախակի զննումը պարտադիր է, հիմա այն վերացրել են: Ե՞րբ դադարեց բուժզննման և տեխզննման կարգը ձևական բնույթ կրել, և արդյոք եղե՞լ է օր, որ վարորդը բուժզննում անցնի աշխատանքային օրը սկսելուց առաջ, վարորդ Սերգեյ Գևորգյանը պատասխանեց. «Երբ ստեղծվեց 3-րդ  Հանրապետությունը, այդ կարգն այլևս չէր գործում. կոմունիստական հասարակարգի ժամանակ է եղել այդպես: Առաջ բուժքույր կար, որ ամեն առավոտ ստուգում էր՝ ո՞վ է իրեն վատ զգում, ո՞ւմ ճնշումը կարիք կար չափելու: Այսինքն՝ առավոտյան առաջ ստուգվում էին վարորդները և նոր գնում աշխատանքի: Հիմա վարորդի խղճի վրա է, թե նա ինչպես կգա աշխատանքի: Մինչև հիմա ինձ ոչ մեկը չի կանչել պատասխանատվության և չի ստուգել»:

Մեզ հետ զրույցում վարորդը նաև պատմեց, որ հիմա կան հստակ տաքսիների համար նախատեսված տեղեր, որոնք շատ հաճախ զբաղեցրած են լինում  «ջիպերն» ու նման այլ մեքենաները. և այսօր դա էլ է մեծ խնդիր տաքսու վարորդների համար. նրանք հաճախ տեղ չեն գտնում կանգառելու համար: «Հիմա մեր բոլորի խնդիրն այս ամենը կարգավորելն է, որ մենք իմանանք մեր պարտականություններն ու իրավասությունները, քանի որ մենք գիտակցում ենք, որ գործ ունենք հասարակության հետ և, ամենակարևորը՝ մարդկանց կյանքի հետ»,- ասում է վարորդը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս