Բաժիններ՝

Ռուսաստանի հետ երկխոսությունը չունի այլընտրանք. Բերուչաշվիլի

«Ամերիկայի Ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Վրաստանի երկխոսությունը պետք է շարունակվի:

Բերուչաշվիլին նախորդ շաբաթ հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, որում նշել էր, որ դադարեցված է առևտրային հարցերի շուրջ Վրաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը: Նրա խոսքերով՝ ռուսական շուկան շատ անկանխատեսելի է, և Ռուսաստանը յուրաքանչյուր պահի կարող է վերստին բեռնարգելք սահմանել:

Բերուչաշվիլու այդ հարցազրույցը առաջացրել էր բազում հարցեր, թե հնարավոր է երկու երկրների միջև առևտրային-տնտեսական համագործակցության դադարեցում: Բերուչաշվիլին այժմ մանրամասնել է, որ նկատի չի ունեցել Ռուսաստանի հետ երկխոսության, Աբաշիձե-Կարասին ձևաչափի, առավել ևս առևտրային հարաբերությունների դադարեցում:

Բերուչաշվիլու խոսքերով՝ նախորդ տարվա աշնանից Պրահայում չեն անցկացվել Աբաշիձե-Կարասին ձևաչափով հանդիպումներ, ինչը կապված է 2014 թվականի նոյեմբերին Մոսկվայի ու Սուխումի միջև համագործակցության մասին պայմանագրի ստորագրման հետ.

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի հետ երկխոսությունը չունի այլընտրանք: Այդ երկխոսությունը պետք է շարունակվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս