Սաակաշվիլու կուսակցությունն ունի մեծ քանակությամբ զենք ու փող. Բուրջանաձե
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն վստահեցնում է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունն ունի շատ զենք, և որ նա մտադիր է տապալել գործող իշխանություններին:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ գերատեսչությունը թույլ չի տա երկրի ապակայունացում՝ ընդգծելով, որ ՄԱՇ-ը ցանկանում է փչացնել շատ բան:
Բուրջանաձեի կարծիքով՝ Վրաստանում իրավիճակի ապակայունացման վտանգի մասին է վկայում նաև հայրենիք վերադառնալու մտադրության մասին Սաակաշվիլու արած հայտարարությունը.
«ՄԱՇ-ն ունի շատ «սև» և «սպիտակ» փող և մեծ քանակությամբ սպառազինություն: Նրանք կանեն ամեն ինչ՝ երկրում իշխանափոխություն իրականացնելու համար: Նրանք գիտեն, որ հնարավորություն չունեն ընտրությունների ճանապարհով գալ իշխանության:
Դրա համար էլ գոյություն ունի ապակայունացման վիթխարի վտանգ, որը, ինչպես ես եմ կասկածում, Գոմելաուրին ու ներկայիս իշխանությունները դժբախտաբար չեն կարող կանգնեցնել»:
Բուրջանաձեի խոսքերով՝ Վրաստանի ներկայիս իշխանությունները բացարձակապես անարդյունավետ ու թույլ են: