«Քաջարանի բժշկական կենտրոնում» հեպատիտ C-ով վարակվելու գործով 10 անձ տուժող է ճանաչվել. մեղադրյալներ չկան
«Քաջարանի բժշկական կենտրոնում» բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո մի քանի բուժվող հիվանդների մոտ հեպատիտ C հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հունվարի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով և 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական գործով որպես տուժող ճանաչվել է 10 անձ, որոնց նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ըստ Քննչական կոմիտեի պատասխանի՝ այս պահին քրեական գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան:
«Ձեռնարկվում են քննչական անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզաբանելու, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտելու, հնարավոր այլ հիվանդների, ինչպես նաև վարակի աղբյուրը և տարածման եղանակը պարզելու ուղղությամբ:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ քրեական գործի նախաքննությունը կշարունակվի ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում»,- հայտնել են քննչական կոմիտեից: