Ռուս սենատորը շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգում Ռուսաստանին աջակցած Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը չի նշանակում նրանում ներկայացված ազգային պատվիրակությունների հետ համագործակցության դադարեցում: Այս մասին Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է նրա նախագահ Կոնստանտին Կոսաչևը.

«Մենք պետք է հստակորեն հաստատենք, որ վեհաժողովի հետ համագործակցությունից մեր հրաժարվելը որևէ կերպ չի նշանակում ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների ու ազգային խորհրդարանների հետ համագործակցության դադարեցում: Ավելին, այդ աշխատանքն այժմ ձեռք է բերում հատուկ նշանակություն, հատուկ հնչեղություն»:

Նա ընդգծել է, որ հունվարին Ստրասբուրգում տեղի ունեցածը Ռուսաստանի համար չի հանդիսանում առանցքային կամ դրամատիկ իրադարձություն. «Մենք վստահ ենք մեր ճշմարտացիության մեջ, և Ստրասբուրգի քննարկումները որևէ կերպ չեն ազդում (Ուկրաինայի հարցում) Ռուսաստանի մոտեցումների վրա: Վստահ եմ, որ մենք գործելու ենք այնպես, ինչպես որ գործել ենք ցայժմ»:

Սենատորի կարծիքով ռուսական պատվիրակությունն առավելագույն կերպով է իր հնարավորություններն օգտագործել ԵԽԽՎ-ի հարթակում: Կոսաչևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի դիրքորոշմանն աջակցած պատվիրակություններին: Նրա խոսքերով՝ Ստրասբուրգում ուղղման դեմ, այսինքն ռուսական դիրքորոշման օգտին ողջ կազմով քվեարկել են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Կիպրոսի, Սերբիայի ու Մոնտենեգրոյի ազգային պատվիրակությունները:

Կոսաչևը հավելել է, որ Ռուսաստանի դիրքորոշման օգտին քվեարկել են Ավստրիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի ու Իսլանդիայի պատվիրակությունների անդամների մեծ մասը, իսկ ահա Գերմանիայի, Չեխիայի, Դանիայի ու Նորվեգիայի պարագայում պատվիրակությունների անդամների միայն կեսն է քվեարկել ռուսական դիրքորոշման օգտին:

Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ը որոշել է երկարաձգել ռուսական պատվիրակության դեմ պատժամիջոցները՝ մինչև ապրիլ նրան զրկելով ձայնի ու ղեկավար մարմիններում ներկայացված լինելու իրավունքից: Դրանից հետո Ռուսաստանի պատվիրակությունը մինչև ընթացիկ տարեվերջ դադարեցրել է իր մասնակցությունը ԵԽԽՎ-ին:

Տեսանյութեր

Լրահոս