Ապագայում դրական զարգացումներ կլինեն հայ-թուրքական հարաբերություններում. Բյուլենթ Արընչ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, անրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է, որ իրենք հայկական կողմին առաջարկում են իրենց երկրի տարածքով դուրս գալ այլ երկրներ:

Որպես Թուրքիայի «այդ մարդասիրական դիրքորոշման» ապացույց՝ Արընչը բերել է Թուրքիայի տարածքից դեպի Հայաստան կատարվող չվերթները. «Մեր հորիզոնը Հայաստանի հետ լավ հարևանություն ու բարեկամություն անելն է:

Բնական է, որ 2015 թվականի ապրիլի 24-ը նրանց և հատկապես Սփյուռքի համար շատ կարևոր է: Սփյուռքը Հայաստանի կառավարությունից ու ժողովրդից ավելի շատ է հնչեցնում ցեղասպանության մասին պնդումները: Ես մինչև ապրիլ Հայաստանի հետ մեր հարաբերություններում չեմ ակնկալում խոշոր առաջընթաց: Սակայն ես գիտեմ, որ ապագայում կլինեն դրական զարգացումներ»:

Արընչը հայտարարել է, որ հինգ տարի առաջ Շվեյցարիայում Հայաստանի հետ ստորագրել են արձանագրություններ, որոնցում խոսք է գնացել Հայաստանի հետ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, ինչն իր հերթին կոնֆլիկտ է առաջացրել Թուրքիայի հարևան ու բարեկամ Ադրբեջանի հետ.

«Սակայն ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդում: Դրա կարիքը շատ կա, և բացի այդ, դարերով այս հողերում միասին ապրել ենք երջանիկ օրեր»:

Տեսանյութեր

Լրահոս