Արա Զաքարյան. «Դատական համակարգն ուղղակի պատվեր է կատարել»

«Ժողովուրդ, մեր այս դավաճան իշխանությունները այսօր Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդների միջև ուզում են թշնամություն սերմանել»,- Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի հրապարակումից առաջ այս մասին վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:

Խոսելով վերաքննիչ դատարանի որոշման մասին, որով անփոփոխ թողնվեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց. «Ցավոք սրտի, մենք բազմիցս նշել ենք, որ մենք չունենք արդար դատական համակարգ, և հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով մեր դատական համակարգը ունակ չէ արդարադատություն իրականացնել: Սա ևս մեկ անգամ հաստատվեց տվյալ դատարանի դատական ակտով: Այսինքն՝ տվյալ գործով որոշում կայացնողը ոչ թե դատական համակարգն է եղել, այլ իշխանությունը: Իսկ դատական համակարգն ուղղակի պատվերն է կատարել»:

Փաստաբանն ասաց, որ դիմելու են վճռաբեկ դատարան, որպեսզի ճանապարհ բացվի դեպի Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Ասեմ, որ վճռաբեկլ դատարանի էլ որևիցե հույսեր չունենք»:

Տեսանյութեր

Լրահոս