ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը չի կայանա
«Շրջանառության հարկի մասին» օրենքի վերանայման նպատակով այսօր ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը չի կայանա: Նիստի հրավիրման համար անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն հավաքվել էր 48 ստորագրություն, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ոչ իշխանական ուժերի հանդիպման ժամանակ որոշվել է հարցը քննարկման դնել ԱԺ հաջորդ քառօրյայում:
Խորհրդակցությունից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ այսօրվա արտահերթ նիստը հետաձգվել է մինչև հաջորդ քառօրյա: Ըստ նրա՝ մոտեցումների միջև բավականին ընդհանրություններ կան. «Մենք գտնում ենք, որ կարող ենք այդ ընդհանուր մոտեցումներով ներկայանալ հաջորդ քառօրյային: Մենք նաև ընդգծեցինք, որ եթե հաջորդ քառօրյային ընդհանուր մոտեցումներ չձևավորվեն, ապա կրկին նախաձեռնելու ենք արտահերթ նիստ»:
Ռ.Հակոբյանի խոսքով՝ փաստաթղթավորման համար առաջարկվում է կամովի մոտեցում: Նա չբացառեց, որ իշխանությունը կրկին կփորձի «փափուկ բարձ» դնել, բայց հավելեց, որ ժամկետը ֆիքսված է:
«Այն, ինչ անում է կառավարությունը, մինչև հուլիսի 1-ը կասեցնելով օրենքի գործողությունը, ընդամենը ժամանակ է ձգում և որևէ կերպ չի կարգավորում խնդիրը։ Ուստի այսօր քննարկման ժամանակ մենք առաջարկեցինք շատ կարճ ժամկետում, այն է՝ մինչև հաջորդ քառօրյա, իսկ 4 քաղաքական ուժերն ունեն արդեն պատրաստի նախագիծ, թե մենք ինչ կերպ ենք տեսնում հարցի կարգավորումը, որը քննարկել ենք փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ հիմնական մեխը կամավորության սկզբունքն է և իրենք չեն զիջելու. «Կգա՞նք կոմպրոմիսի, շատ լավ, չե՞նք գա կոմպրոմիսի, հաջորդ քառօրյային արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը մեր հիմնավորումներով մնում է ուժի մեջ»։