
Օգտայ Ասադովը պարզաբանել է, թե Ադրբեջանն ինչու է Ստրասբուրգում աջակցել Ռուսաստանին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովն այսօր մեկնաբանել է ԵԽԽՎ-ի նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության կողմից կատարած քվեարկությունը:
Նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ը մինչև 2015 թվականի ապրիլ երկարաձգել էր ռուսական պատվիրակության դեմ պատժամիջոցները, ինչին ի պատասխան՝ ռուսական պատվիրակությունը հայտարարել էր, որ մեկ տարով հրաժարվում է ԵԽԽՎ-ի աշխատանքին մասնակցելուց:
Ադրբեջանական պատվիրակությունը դեմ էր քվեարկել ռուսական պատվիրակության լիազորությունների կասեցմանը՝ կապված Ղրիմի բռնակցման ու Դոնբասի անջատողականներին աջակցելու հետ:
Օկտայ Ասադովը հայտարարել է. «Մենք չենք միանում այդ պատժամիաջոցներին, մենք դեմ ենք դրան: Անհիմն են այն պնդումները, թե Ադրբեջանը դրանով իսկ «աջակցում է զավթիչին»: Ո՛չ, դա բացարձակապես այդպես չէ:
Մենք պարզապես պատժամիջոցների փոխարեն հանդես ենք գալիս երկխոսելու օգտին: Այդ նույն Եվրոպան Լեռնային Ղարաբաղի հարցում հայերի դեմ պատժամիջոցներ սահմանելու փոխարեն մեզ առաջարկում է երկխոսություն: Ահա և մենք էլ նրանց ենք առաջարկում տարբերակ:
Դա չի նշանակում, թե մենք բացասական դիրքորոշում ունենք Ուկրաինայի հանդեպ: Մենք բոլոր հարցերում աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»: Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը բարձր է գնահատել ադրբեջանական պատվիրակության պահվածքը: