Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է Սերժ Սարգսյանին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հունվարի 31-ին հայտարարություն է տարածել, որում մեկնաբանել է Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ ստացած հրավերի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2015 թվականի հունվարի 29-ին Երևանում արած հայտարարությունը.

«Մենք խստապես դատապարտում ենք թե՛ հարևան երկրի առաջնորդին, թե՛ հնագույն հայ ազգի ներկայացուցչին անհարիր այս ոճը»: Թուրքիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել, որ Դարդանելի ճակատամարտի ժամանակ միմյանց դեմ պատերազմած ազգերն այժմ պատրաստվում են դրա 100-ամյակը նշել համատեղ՝ բարեկամության ու խաղաղության մթնոլորտում:

Թուրքիայի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ մեկ դար առաջ խորը ցավ և խոշոր կորուստներ են ապրել Օսմանյան կայսրության բոլոր ազգերը և մասնավորապես թուրքերը. «Թուրքիան դրա շրջանակներում անկեղծ կիսում է նաև հայերի ապրած ցավերը, որոնք հայտնի են և չեն հերքվում:

Ելնելով մարդասիրական այդ դիրքորոշումից՝ 2014 թվականի ապրիլի 23-ին ի տես աշխարհի հղվեց պատմական «ցավակցական ուղերձ», որում հիշեցվում էր երկու հնագույն ժողովուրդների բարեկամության ու խաղաղության անհրաժեշտության մասին:

Արժեքավոր մտավորական Հրանտ Դինքի մահվան տարելիցի հետ կապված՝ 2015 թվականի հունվարի 20-ին արված հայտարարությունում հայերին հղված կոչը ևս մեկ անգամ վկայեց կառուցողական այս դիրքորոշման մասին:

Հայերն ու թուրքերն ունեն ընդհանուր պատմություն, և թեև նրանք տարբեր կերպ են նայում դրան, խնդիրը հնարավոր է կարգավորել երկխոսության, ազնիվ ու բաց, նպատակամղված լինելու միջոցով, ինչը կարևոր է»:

Տեսանյութեր

Լրահոս