Էրդողանի խոսնակն արձագանքել է Թուրքիա այցելելու հրավերի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը երկու օր առաջ մեկնաբանել է ապրիլի 24-ին Դարդանել այցելելու մասին հրավերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տված պատասխանը.

«Հայաստանի ղեկավարությունն աշխատում է 2015 թվականը Թուրքիայի ու թուրքերի դեմ միջազգային կամպանիա ծավալելու ուղղությամբ և այդ պլանում կիրառում է վիրավորական, ատելություն բորբոքող ու դիվանագիտական պրակտիկայի սահմաններում չտեղավորվող արտահայտություններ:

Դրա վերջին օրինակը գրանցվեց 2015 թվականի հունվարի 29-ին, երբ Հայաստանի նախագահ Սարգսյանը Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում հայտարարություն արեց Դարդանելի ճակատամարտի հիշատակի միջոցառումներին Հայաստանին հրավիրելու վերաբերյալ:

Դա ցավալի դիրքորոշման նոր դրսևորում է: Մեր նախագահի հրավերի հետ կապված՝ օգտագործված այս արտահայտությունները հակասում են դիվանագիտական պրակտիկային և անընդունելի են մեզ համար: Պարոն Սարագսյանի հնչեցրած այդ արտահայտությունները հարիր չեն  պետական գործչին:

Թուրքիան շարունակելու է դեմ հանդես գալ պատմական իրողությունների միակողմանի մեկնաբանմանը: Քանի որ Թուրքիան ու Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն, նախագահ Էրդողանը 2005 թվականին կոչ արեց ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ հարցը հետազոտելու համար:

2009 թվականին ստորագրեցինք Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ճանապարհ հարթող արձանագրությունները: Շարունակելով նույն կառուցողական ու խաղաղասիրական դիրքորոշումը՝ 2014 թվականի ապրիլի 23-ին բոլոր հայերին հղեցինք ցավակցական ուղերձ: Սակայն Հայաստանն ամեն անգամ անպատասխան է թողել Թուրքիայի այս քայլերը»:

Քալընը հավելել է, որ եթե Հայաստանը հրաժարվի տևական ժամկետով «Ցեղասպանության հարցի քաղաքականացումից» և «հրաժարվի Լեռնային Ղարաբաղից», ապա «կկարգավորվեն» Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նրա հարաբերությունները, և «տարածաշրջանում կհաստատվի» կայունություն ու խաղաղություն. «Ներկայիս դիրքորոշումը նախևառաջ և ամենաշատը վնասում է Հայաստանին ու հայերին»:

Տեսանյութեր

Լրահոս