2014 թվականին Ռուսաստանում օղու վաճառքը նվազել է 8 տոկոսով
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ տարի Ռուսաստանում օղու վաճառքը նվազել է 8 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ վաճառվել է 119.3 միլիոն դեկալիտր օղի ու լիկյոր: Այս մասին հայտնել է Ազգային ալկոհոլային քաղաքականության մշակման կենտրոնը:
Գարեջրի մանրածախ վաճառքը կազմել է 1.1 միլիարդ դեկալիտր, ինչը 1.7 տոկոսով գերազանցում է 2013 թվականի ցուցանիշը: 2014 թվականին Ռուսաստանում վաճառվել է 12 միլիոն դեկալիտր կոնյակ, տարեկան աճը կազմել է 7 տոկոս:
Նախորդ տարի նվազել է թույլ ալկոհոլային խմիչքների հանդեպ բնակչության հետաքրքրությունը. հաշվետու ժամանակահատվածում վաճառվել է 21.7 միլիոն դեկալիտր կոկտեյլ, ինչը 6.6 տոկոսով զիջում է 2013 թվականի ցուցանիշին:
Նախորդ տարի գինեգործական արտադրանքի վաճառքն աճել է 0.5 տոկոսով՝ հասնելով մինչև 112 միլիոն դեկալիտրի: Կենտրոնի տվյալներով՝ Ռուսաստանում վաճառվող ալկոհոլային արտադրանքի մոտ 70 տոկոսը ցածրորակ է, այն հաճախ վտանգավոր է առողջության համար:



