Ի՞նչ տվեց 21 օրվա հացադուլը շարժմանը. Րաֆֆի Հովհաննիսյան

Aravot.am-ի հետ զրույցում Ր. Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե հացադուլը՝ որպես պայքարի միջոց ինչ տվեց շարժմանը, ասել է. «Ես իմ քայլը և ինքնամաքրման ճանապարհը չմեկնաբանեմ, դա իմ ներքին զրույցն է իմ և Աստծո, իմ և իմ համաքաղաքացիների միջև: Չարակամները, զազրախոսները և փոքրոգի մարդիկ, որոնք կուսակցականացված են՝ պարտվելով փետրվարի 18-ին այս կամ այն ածականի են դիմում: Իմ քայլը, վերջնագիրը ոչ թե դե ֆակտո իշխանության, իրենք իրենց ճակատագրի մասին պետք է մտածեն: Իմս առաջինը վերջնագիր էր ինձ, որ տանեմ այս պայքարը ինքնամքրված և նաև ժողովրդին: Որ ինչ էլ լինի մեր պայքարի ավարտը, դա ժողովրդին է պատկանում: Ատված չանի լինեն ճնշումներ իշխանությունների կողմից, իսկ մյուս կողմից, որ լինի անպայման հաղթանակ դա իմը չի լինելու: Հայ ժողովուրդը դառնում է հավաքական սեփականատերը այս շարժմանը: Այս 21 օրը նաև ուղղված էր նրան, որ հայ ժողովուրդը հասկանա , որ ամեն մեկը մի կաթիլ զոհողություն պետք է անի, որ պետք է ընդունի որ այս ճանապարհը ոչ թե Րաֆֆիինն է, այլ ամբողջ ժողովրդինն է»:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, իրենք սպասում են իրենց ներկայացրած առաջարկների վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատասխանին, որ համապատասխան գնահատական տան. «Կամ ինքնբացարկ ու հրաժարական և նոր նախագահական ընտրություններ կամ երկրորդը՝ այդ համալիր ծրագիրը, որ բերում է ժողովրդի հետ իշխանության կիսում: Պատրաստ ենք գնահատել իր որևէ դրական քայլ արժանվույնս, բայց կգնահատենք նաև այդ քայլի բացակայությունը»:

Անդրադառնալով իր առաջարկների և Ս. Սարգսյանին ուղղված նամակների վերաբերյալ քննադատությանը, պնդումներին, թե սկսել են սակարկություններ անել, պարոն Հովհաննիսյանը պատասխանել է. «Փետրվարի 18-ին քաղաքական գործիչները, չհավատալով ժողովրդին, չմասնակցելով ընտրություններին իրենք պարտություն կրեցին: Չեմ հաշվում՝ ով է ինձ այցելում է, ով՝ չէ, բոլորը համաքաղաքացիներ են իրավունք ունեն տեսակետ հայտնել, անգամ քննադատել: Բայց ով չի մասնակցել, տանը նստել է ինքը քիչ տեղ ունի խոսելու: Ով խոսում է սակարկության, գործարքի մասին, ինքը հենց սակարկության հետագիծ ունի….նրանք, որոնք խոսում են, ցավում եմ դրա համար, լուսանցքում են, և իրենք չկանգնեցին ժողովրդի հետ: Եվ լավ կլիներ, որ այդ մեծ-մեծ խոսացողները հարգելի, թե այլ, իրենց մեջ ուժ գտնեին՝ ասելու, որ սխալվել են, որ ժողովրդին թերագնահատեցին: Դեռ ուշ չէ, կարող են գալ ժողովրդի մոտ»:

Պարոն Հովհաննիսյանը նաև հստակեցրել է՝ հացադուլը, որը վերջին շաբաթվա ընթացքում դարձավ ծոմ, անժամկետ էր. «Ինքս կորոշեմ հանգրվանի ավարտը: Երբևէ չեմ կապել այդ հանգրվանի ավարտը ապրիլի 9-ի հետ: Անժամկետ էր և կարող է գնալ ապրիլի 9-ից հետ, և ինձ համար շատ դյուրին է ես կգնամ հիմա շատ երկար: Բայց ես որոշեցի սուրբ զատկվա առթիվ ավարտել այս հանգրվանը և վաղը՝ սուրբ պատարագից հետո, արդեն լծվեմ աշխատանքի, ապրիլի 9-ին նոր Հայաստանի երդմնակալությանը պատրաստվելու համար»:

Պայքարի հաջորդ փուլում պարոն Հովհաննիսյանը հաղթանակ է տեսնում. «Ապրիլի 9-ին ժամը 11-ից Ազատութան հրապարակում բացվում է ճանապարհը դեպի նոր Հայաստան: Իսկ մնացածը, անձամբ հրահանգով չեմ որոշելու, ժողովուրդը և ես միասին պետք է որոշենք այդ ճանապարհը»:

Տեսանյութեր

Լրահոս