Պաշտպանական գերատեսչությունում մեծարել են «երկնքի արծվին»
Խորհրդային միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 29-ին տեղի ունեցավ հադիսավոր միջացառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ներկաներին փառապանծ օդաչուի մասին պատմեցին ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, Արցախի հերոս, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Նելսոն Ստեփանյանի թոռնուհին և այլոք:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում նշեց, որ Նելսոն Ստեփանյանը կենդանի լեգենդ էր և նրա կյանքն անհնար է առան հուզվելու ներկայացնել. «Շնորհավորում եմ մեզ բոլորիս նման մեծ օդաչուի ծննդյան կապակցությամբ: Նելսոն Ստեփանյանը հայ ժողովրդի արժանապատվությունը միշտ էլ բարձր է պահել: Պատերազմների ընթացքում նա չի երկնչել թշնամու զորքերի քանակից, նրան չի հուսահատեցրել հառակորդի նոր տեխնիկան: Նա կարողացել է դառնալ խոշոր կազմավորման հրամանատար, և իզուր չէ, որ այսօրվա մեր ռազմաօդային ստորաբաժանումների մեջ այն մարտավարական նորարարությունները, որ կատարել է նա, ուսումնասիրության առարկա են հանդիսանում։ Մարդկության պատմությունը լի է բազմաթիվ ռազմական իրադարձություններով, որոնց ընթացքում ծնվել են հերոսներ, ովքեր հետո դարձել են մի ողջ սերնդի հպարտությունը, լավի օրինակը. այդ հերոսներից է Նելսոն Ստեփանյանը: Ես ցանկանում եմ, որ մենք բոլորս ձգտենք դառնալ Նելսոն»,- իր խոսքը եզրափակեց Սեյրան Օհանյանը:
Հանդիսության ավարտին ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական-ավիացիոն ինստիտուտի և ԶՈՒ օդային պաշտպանության ստորաբաժանման մի շարք զինվորականներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով:
Նշենք, որ երեկ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ մեծարման արարողություն է տեղի ունեցել կրկնակի հերոս օդաչուի կիսանդրու մոտ: