Րաֆֆի Հովհաննիսյանը «ժամադրեց» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին
«Այսօր բացառության կարգով միայն ես պետք է կիսվեմ ձեզ հետ մեր ապագա անելիքների մասին: Մյուս հանրահավաքին ինձ կմիանան հարգելի գործիչներ քաղաքական կուսակցություններից, անկախ մտավորականեր, նաև հրավիրում եմ բնապահպանների ներկայացուցիչներին` հաջորդ ուրբաթ միանալու այս հանրահավաքին»,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Նա մեջբերեց Մահաթմա Գանդիի խոսքերը. «Նախ մեզ անտեսում են, հետո ծախում, դրանից հետո հարվածում, իսկ վերջում մենք հաղթում ենք» և նշեց, որ կարծում է, որ վերոգրյալը իրենց պայքարին ևս վերաբերում է:
«Հայ ժողովուրդը հանդես եկավ շատ պարզ ու մաքուր հայկական ծրագրով՝ կա՛մ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկ-հրաժարականը՝ նոր նախագահական ընտրությունների կազմակերպմամբ, կա՛մ ժողովրդի հետ մեծամասնություն դարձած ժողովրդի հետ իշխանության կիսում: Հստա՞կ է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը ավելացնելով, թե մինչ օրս այդ «բանական, շրջահայաց, սրտացավ առաջարկին համաձայնություն չի եղել և ոչ էլ բովանդակային, շոշափելի պատասխան»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իշխանությունն անգամ «ռիսկ չի արել բացել այդ 1900 ընտրատրցակները, կամ 150-ը, որոնք մենք մատնանշեցինք, որ կասկածը, տարակույսը, թվաբանական խաղը ժողովրդից դուրս գար»: Ըստ նրա՝ տրցակների բացելը Սերժ Սարգսյանի լիազորությունն էր՝ որպես գործող նախագահ մինչև ապրիլի 9-ը, բայց արձանագրեց, որ մինչ հիմա Ս. Սարգսյանը դա չի արել: Ր. Հովհաննիսյանը սա բացատրեց նրանով, որ «վախենում են ճշմարտությունից»:
«Փոխանակ համեստ մնան, մի քիչ լուռ, իմանալով ճշմարտությունը, իսկ իրենք դա ամենալավը գիտեն և բոլորը գիտեն, որ այս գործող իշխանությունը ֆիկտիվ է, դե ֆակտո է և հիմնված է կեղծիքի վրա: Իրենք խոսում են ածականներով… շոու, ինչ-որ բան հում է, կապրիզ, բռնազավթում՝ սրանք դուք եք արել: Ափսոս, բայց մեր ժողովուրդը, վստահ եմ, միշտ պատրաստ է այն քաղաքական համալիր լուծումներին, որոնք հարգում են ժողովրդի տարրական իրավունքը: Սա պաշտոնակռիվ չէ. նրանք ովքեր խոսում են բազարների գործարքների, այլ բաների մասին (իշխանական, թե կիսաընդդիմադիր` ով էլ լինեն), հենց իրենք են իրենց կյանքը իշխանատենչությամբ ապրել»,- շեշտեց նա:
Դիմելով ժողովրդին` Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրեց. «Փետրվարի 18-ին դուք ինձ պատիվ ու պատասխանատվություն արեցիք՝ ինձ վրա դնելով շոշափելի պատասխանատվություն ու լիազորություններ, իսկ ես ստացա ձեր պատգամն ու հրահանգը, հիմա դիմում եմ ձեզ՝ վերահաստատելու լիազորությունը, որ պայքարը ձեզ հետ միասին տանեմ բոլոր հնարավոր ճանապարհներով»,- եզրափակեց նա:
Ընթերցելով երկուշաբթի օրվա այցելությունների օրակարգը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առաջինը կայցելի Կապան, որտեղ «ժամադրեց» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: