ԲՀԿ-ն ցանկանում է խլել Րաֆֆիի ձայները. Օսկանյանի բացահայտումը
ՀՀ նախկին արտգործնախարար, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում կատարել է հերթական գրառումը, որով, կարելի է ասել, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը: Պարոն Օսկանյանը փորձել է հիմնավորե, թե ինչու է կարևոր իրենց հաղթանակն ընտրություններում, և վստահեցրել է, որ ոչ միայն ինքն ու մյուս կուսակցականները, այլև անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գնում են հաղթելու:
Ընդհանրապես, Վարդան Օսկանյանի ֆեսյբուքյան գրառումները, որ սկսվել են դեռևս անցած տարվանից, որպես երևույթ՝ դրական նրբերանգ մտցրեցին մեր քաղաքական դաշտում, դարձան քաղաքական տեքստը քաղաքակիրթ ներկայացնելու, թերևս, հաջողված դրսևորումներից մեկը: Բայց ամենայն դրականով հանդերձ՝ նախկին արտգործնախարարի ֆեյսբուքյան գործունեությունը շատ խոցելի է՝ մի քանի առումներով:
Նախ՝ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում գրում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է իրեն ու իր կուսակցությանը: Իհարկե, որևէ մեկը չի կարող նրանից պահանջել գրառումներ կատարել ամեն օր, ցանկացած իրադարձության առթիվ: Բայց եթե նա հրապարակային քաղաքական գործիչ է, իսկ այդպիսին Օսկանյանը ցանկանում է ներկայանալ, առնվազն տարօրինակ է, երբ նա «լռում» է երկրի համար կարևորագույն քաղաքական գործընթացների ժամանակ և ակտիվանում է միայն այն դեպքում, երբ դա պահանջում է անձնական-խմբային շահը: Բայց դա հարցի մի կողմն է միայն: Պարոն Օսկանյանի գրառումները, այդ թվում՝ վերջինը, գեղեցիկ լինելով ձևի մեջ, վիճահարույց են բովանդակության առումով:
Ամենավիճահարույցը պարոն Օսկանյանի կողմից Երևանի ավագանու ընտրությունների նշանակությանը տրված գնահատականն է: Ամենևին ոչ այն առումով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Այն վիճահարույց է՝ հաշվի առնելով, որ դրա հեղինակը Վարդան Օսկանյանն է: «Այս ընտրությունները խիստ կարևոր են: Ֆորմալ իմաստով՝ այո, սա քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էության՝ համապետական՝ հաշվի առնելով Երևանի կշիռը հանրապետությունում: Երևանն իր ներուժով և կարողություններով պետություն է պետության մեջ: Ես կուզենայի, որ մեր հասարակությունը նույնպես լրջագույնս վերաբերվեր այս ընտրություններին և այն անպայմանորեն դիտարկեր և՛ քաղաքական, և՛ քաղաքային հարթություններում«,- գրում է Վարդան Օսկանյանը: Ամեն ինչ շատ ճիշտ է ասված: Երևանի ավագանու ընտրությունները չափազանց կարևոր են, գրեթե համապետական նշանակություն ունեն: Բայց մի՞թե այսպիսի գնահատական կարող է տալ մի քաղաքական ուժի առանցքային ներկայացուցիչ, որը՝ լինելով մեծությամբ երկրորդը խորհրդարանում, առանց որևէ բանական, քաղաքական հիմնավորման՝ բաց թողեց պետության համար ամենակարևոր համապետական միջոցառումը՝ նախագահի ընտրությունը: Ոչ միայն բաց թողեց, այլև ֆորմալ առումով՝ դիրքորոշում չարտահայտեց որևէ այլ թեկնածուի վերաբերյալ: Ոչ միայն դիրքորոշում չարտահայտեց ֆորմալ առումով, այլև՝ ոչ ֆորմալ առումով՝ «տակից» աջակցեց գործող իշխանության վերարտադրությանը, որի դեմ հիմա պայքարում է Երևան քաղաքում: Այն ժամանակ Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան պատը «քանդվել» կամ գուցե «սառցակալել» էր (նախագահի ընտրությունները փետրվարին էին, քարոզարշավը՝ դեկտեմբեր-հունվարին), ու հարգարժան ԲՀԿ-ականը գրեթե չէր արտահայտում իր նկատառումները ընտրությունները բոյկոտելու մասին: Հանուն արդարության՝ նշենք, որ Վարդան Օսկանյանն, այդուհանդերձ, հարևանցիորեն իր էջում գրել էր, թե ինքը կողմ էր, որ ԲՀԿ-ն մասնակցեր ընտրություններին, բայց որոշողն «առաջնորդն» էր: Գրել ու սահմանափակվել էր դրանով:
Վարդան Օսկանյանի գրառման մյուս՝ չափազանց վիճելի դրույթը վերաբերում է Երևանը վերցնելու միջոցով՝ իշխանությանը հակակշռելու հնարավորությանը: «Սա քաղաքական ընտրություն է․ Նախ, որովհետև քաղաքապետի պաշտոնում ոչ իշխանական կուսակցությունից քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ անձը փաստացի դառնում է հանրապետության երկրորդ կարևորագույն դերակատարը: Երկրորդ, որովհետև ԲՀԿ-ի կողմից առանձին կամ քաղաքական այլ ուժերի հետ միասին քաղաքային իշխանությունը վերցնելու դեպքում քաղաքական համակարգում առաջին անգամ լրջագույն հակակշիռ կստեղծվի իշխող կուսակցությանը, որից միանշանակորեն կշահի երկիրը, ժողովրդավարությունը և քաղաքացին»,- գրում է Վարդան Օսկանյանը: Կրկին ամեն ինչ ճիշտ է: Բայց մեկ վերապահմամբ: ԲՀԿ-ն մինչև հիմա հրաժարվում է իրեն որակել որպես ընդդիմություն և «վայելում է» հակաքաղաքագիտական, ըստ էության՝ անհեթեթ «այլընտրանք» կոչվող իր կարգավիճակը: Ընտրողը, քաղաքացին ի՞նչ երաշխիք կարող է ունենալ, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ն՝ վերցնելով քաղաքը, հակակշիռ դառնալու փոխարեն՝ ավելի չի ամրապնդի իշխանության մոնոլիտը: Չէ՞ որ այլընտրանքը հավասարապես նշանակում է՝ ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանն այլընտրանք լինելու հնարավորություն: Իսկ վերջինը քաղաքականության մեջ կոչվում է իշխանություն:
Եվ ամենակարևորը: Բավական լիրիկական, նույնիսկ հոգեցունց ոճով Վարդան Օսկանյանը գրում է այն ժամանակահատվածի մասին, որում տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները. «Երրորդ, որովհետև այս ընտրությունները տեղի են ունենալու այն պահին, երբ թերևս նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը հանգուցալուծված չի լինելու, ուստի ժողովրդի բողոքի կանչը և պահանջատիրությունը կարող են իրենց արտահայտությունը գտնել նաև այս ընտրությունների ընթացքում»: Ժողովրդի բողոքի կանչը պակաս լսելի չէր նաև նախագահական ընտրություններից առաջ, բայց ԲՀԿ-ն այդ կանչը «չլսելու տվեց» և փաստացի անցավ ընդհատակ: Բացի այդ, ժողովրդի բողոքի կանչը հնչում է առաջին հերթին՝ Ազատության հրապարակում, որտեղ, չնայած առանձին ԲՀԿ-ականներ՝ որպես անհատներ, եղել են, բայց կուսակցությունը՝ որպես քաղաքական միավոր, բացակայում է: Առավել ևս՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ոևէ մեկը չի տեսել անգամ Ազատության հրապարակի մատույցներում: Ու այս պայմաններում խոսել «ժողովրդի բողոքի կանչի մասին», առավել ևս՝ փորձել դառնալ դրա «պահանջատերը», մեղմ ասած, ազնիվ չէ: Եվ քանի որ Վարդան Օսկանյանը պայքարում է Տարոն Մարգարյանի տեղը զբաղեցնելու համար, հայտնի արտահայտության ոճով, թերևս, ճիշտ կլիներ ասել. «Սիրուն չի, Վարդան ջան…»: