«Կյանքում պետք չէ հետ կամ առաջ նայել, պետք է ապրել ներկայով». Ֆեդերիկո Մոնդելչի
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-րդ հոբելյանական համերգաշարի կապակցությամբ մարտի 30-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու համերգ` իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի մասնակցությամբ։
Այս առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ Ֆեդերիկո Մոնդելչին ասաց, որ շատ ուրախ է կրկին Հայաստան գալու և Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ կրկին նվագելու կապակցությամբ. «Առաջին անգամ 8-9 տարի առաջ եմ Երևանում եղել։ Հիացած էի հայ ժողովրդի լսելու ունակությամբ։ Հնարավորություն եմ ունեցել փոքր-ինչ շրջագայել Հայաստանով, տեսել եմ հիանալի վանքերը, Սևանա լիճը, որն ինձ հիացրեց։ Նախորդ անգամ էլ Հայաստան եկա, եթե չեմ սխալվում, 4-5 տարի առաջ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ միասին երկու համերգ ունեցանք»։
Մոնդելչին ասաց, որ այս համերգին շատ իմպրովիզներ չի անի, չնայած որ սովորաբար նրա համերգների ընթացքում լինում են տարբեր իմպրովիզներ. «Այս ծրագրում էլ սպասեք փոքրիկ իմպրովիզացիաների»։
Հիշելով Հայաստան կատարած առաջին այցը` աշխարհահռչակ սաքսոֆոնահարն ասաց. «Կոնստանտին Օրբելյանի ընկերներից մեկը փոքրիկ համերգ էր կազմակերպել, որին ինձ հրավիրեցին։ Նկատեցի, որ մի խումբ երիտասարդ մարդիկ դուդուկ էին նվագում։ Շատ զարմացած էի, հաճելի էր լսել դուդուկի ձայնը։ Նկատեցի, որ հանդիսատեսը լռությամբ է դուդուկ լսում։ Իտալիայում նմանատիպ փոքրիկ միջոցառումների ժամանակ բոլորը խոսում են, քաոսային վիճակ է տիրում։ Իսկապես շատ էի զարմացել, որ Հայաստանում տեղի ունեցած այդ փոքրիկ, բայց ուրախ միջոցառման ժամանակ բոլորը լուռ լսում էին դուդուկի երաժշտությունը, որը շատ քաղցր հնչյուններ ուներ։ Այդ ժամանակ էլ հասկացա, որ հայ ժողովուրդը լսելու մեծ կարողություն ունի։ Ես շատ սիրեցի դուդուկի ձայնը»։
Հարցին, թե ո՞րն է եղել երաժշտի ամենատպավորված համերգը, Մոնդելչին պատասխանեց. «Կարծում եմ` կյանքում պետք չէ հետ կամ առաջ նայել, պետք է ապրել ներկայով։ Ինձ թվում է՝ վաղվա համերգն է ամենատպավորիչը լինելու»։
168.am-ի այն հարցին, թե արդյոք աշխարհահռչակ երաժշտի համար իր գործիքը կնոջ նման սիրելի՞ է, Մոնդելչին պատասխանեց. «Կարծում եմ` մեծ երաժիշտները, ովքեր իսկապես նվիրված են երաժշտությանը, հասնում են մի կետի, որտեղ չեն կարողանում գործիքը մարդուց զատել։ Չէի ասի, թե իմ գործիքն ինձ համար կին է, այն ինքնարտահայտվելու մի ձև է»։
Երաժիշտը շատ է սիրում մարդկային ձայնը, և իր կարծիքով` սաքսոֆոնը հենց այն գործիքն է, որի ձայնը շատ նման է մարդու ձայնին. «Կարծում եմ, որ երաժիշտները նվագելիս կարծես երգեն, խոսեն, ամեն ինչ շատ պարզ է և մաքուր»։
Որքանո՞վ են նման հայերն ու իտալացիները. այս հարցին երաժիշտն պատասխանեց. «Ես նկատել եմ, որ հայերն ու իտալացիներն իրար նման են, ընդ որում, ոչ միայն արտաքնապես, այլև բնավորությամբ։ Ես հայ երաժիշտների հետ շատ հեշտ եմ աշխատում։ Սա վկայում է այն մասին, որ իտալացի երաժիշտը հայ երաժշտին ավելի նման է, քան, օրինակ, գերմանացի երաժշտին»։
Հավելենք, որ համերգային ծրագիրը սկսվելու է Ալեքսանդր Գլազունովի ստեղծագործությամբ, հնչելու են նաև Անտոնին Դվորժակի, Գորջ Գերշվինի և ուրիշների ստեղծագործությունները։ Համերգի վերջում հնչելու են Խավիեր Ջիրոտոյի և Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։