Բաժիններ՝

Դավադրությունների և «ականջների» տեսություն. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Քաղաքական և, հետևաբար, լրատվական դաշտի բոլոր խարդավանքները հասկանալ չափազանց դժվար է՝ հատուկ տաղանդ է պետք, որը ես չունեմ: Բայց զանազան բանակների և ճամբարների մեջ իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում երկուսը:

Առաջինը կենտրոնացել է «երիտօլիգարխների» վրա, որոնց նպատակն է, ըստ այդ տեսակետի կողմնակիցների, ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը լավն է, իսկ նրա շրջապատի մի մասը՝ վատը, իսկ լավը շրջապատի հենց այն հատվածն է, որը և ներկայացված է «երիտօլիգարխներով»: Ըստ այդ տեսակետի՝ կան լրատվամիջոցներ, որոնք քարոզում են հենց այդ մոտեցումը, և ցանկացած սկզբունքային, արդար մարդու սրբազան պարտքն է այդ դավադրությունը բացահայտելը: Նրանց մատուցմամբ՝ այդ դավադրության մասն է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իրականում «ախք» է, «հաճախորդ» է ու «դհոլ»:

Այդ հարձակումների թիրախը հանդիսացող ուժերն ու լրատվամիջոցները, ի պատասխան՝ կարծիք են հայտնում, որ նման քարոզչությունը կազմակերպվում է մի կենտրոնից, և այդ կենտրոնի հետևում երևում են առաջին, երկրորդ նախագահի, ԲՀԿ-ի, ինչպես նաև ռուսական իմպերիալիզմի «ականջները»: Լևոնա-քոչարյանական ուժերի նպատակն է, ըստ հակադիր ճամբարի, վարկաբեկել Րաֆֆի Հովհաննիսյանին և «վերատիրանալ» ընդդիմադիր ընտրազանգվածին:

Որն է այստեղ սուտ, որն է ճիշտ, ինչն է չափազանցություն կամ անհարկի ընդհանրացում, իսկ ինչը՝ փաստերի արձանագրում, կրկնեմ՝ դժվարանում եմ ասել: Հավանաբար, թացն ու չորն այստեղ այնքան են խառնված՝ քարոզչական միավորներ ձեռք բերելու նպատակով, որ պետք է ամեն օր եփվես խարդավանքների այս կաթսայի մեջ՝ հասկանալու համար, թե ով ինչ մոտիվներով է ղեկավարվում: Այդքանով հանդերձ՝ ինձ համար միշտ էլ տհաճ էր, որ մարդիկ անընդհատ իրար կասկածում են, դավադրություններ են փնտրում և ականջներ են հայտնաբերում: Իսկ լրատվական մակարդակում այդ խոսակցությունները՝ «ես անկախ եմ, դու անկախ չես», «դու վերահսկվում ես, ես չեմ վերահսկվում»՝ բավականին զավեշտալի են:

Իրականում բոլոր ուժերը, ինչպես էլ նրանց անվանես՝ «առաջադիմական» կամ «հետադիմական» սերժականներ, «լևոնա-քոչարյանականներ», թե «րաֆֆիականներ»՝ բոլորը շատ լավ հասկանում են, որ այդպես շարունակել (նկատի ունեմ երկրի տնտեսական և քաղաքական զարգացումը) այլևս չի կարելի, դա ոչ մեկի շահերից չի բխում: Բոլոր կողմերը հասկանում են նաև հեղափոխական զարգացումները «արաբական սցենարով» Հայաստանում հնարավոր չեն: Կարծում եմ՝ կա նաև գիտակցությունը, որ միահեծան, մենաշնորհային իշխանության ժամանակն արդեն անցել է՝ այն այլևս էֆեկտիվ չէ:

Մնում է մի բան՝ ավելի քիչ իրար անիմաստ կծմծել և ավելի արագ իրար հետ պայմանավորվել, ցանկալի է՝ «թուղթ ու գրիչով», այսինքն՝ շարադրելով ոչ թե մեղադրանքներ և կասկածներ, այլ Հայաստանի զարգացմանն ուղղված գաղափարներ: Իսկ դավադրությունների և «ականջների» հարցը կարելի է թողնել նախադպրոցական երեխաներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս