Այսօր Հայաստանում գաղջ մթնոլորտ չէ. Ռուբեն Հակոբյան
«Մեր կարծիքով` այսօր Հայաստանում գաղջ մթնոլորտ չէ»,- այսպես սկսեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական խորհրդի հերթական նիստը, որի թեման «Նոր Հայաստանի ձևավորումն» էր: Նա կարծիք հայտնեց, որ այդ «գաղջ մթնոլորտի» չեզոքացումը սկսվեց և արձանագրվեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին և այսօր շարունակվում է:
«Բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն ուզում են պայքարել գաղջ մթնոլորտի վերացման համար, մենք սիրով, վեհանձնաբար հնարավորություն ենք տալիս նրանց միանալ մեզ և այս պետությունը փրկել գաղջ մթնոլորտից,- ասաց Հակոբյանը՝ հարցնելով,- ճի՞շտ եմ», ինչին ի պատասխան՝ ստացավ հավաքված քաղաքացիների դրական պատասխանը:
ԱԺ պատգամավորը նշեց, որ նախընտրական շրջանում ժողովրդին միայն հորդորել են պարզապես գնալ քվեարկել. «Մենք ասել ենք` դուք ձերը արեք` քվեարկեք, մենք մերը կանենք: Հիմա ժողովուրդն իրենն արել է, իսկապես մարդավարի պայմանավորվածություն է եղել, ժողովուրդն իրենն արել է: Մենք պիտի արդեն մերը անենք, և այս պայքարը, եթե ուզում եք իմանալ, նաև խոսքին տեր կանգնելու պայքար է»:
Շարունակելով՝ նա կատարեց պատմական ակնարկ` հիշեցնելով, որ նույնիսկ խորհրդային օրենսդրությամբ 1990 թ. ընտրված Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններն այսօր էլ համարվում են գագաթնակետը` Հայաստանի ընտրության, քաղաքական մշակույթի համար: Ըստ Հակոբյանի՝ Հայաստանի առաջին գումարման խորհրդարանի և ներկայիս խորհրդարանի կազմերի միջև «սար ու ձորի տարբերություն» կա:
«Նոր Հայաստանը, մեր ընկալած Հայաստանն անպայման պետք է սկսվի նախևառաջ՝ ժողովրդի քվեով իշխանության ձևավորմամբ»,- ասաց նա: Ռուբեն Հակոբյանը «տգետ» ձևակերպեց իշխանության ներկայացուցիչների այն քննադատությունը, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի «կադրային բանկ»` նոր իշխանություն ձևավորելու համար:
«Մեր ամբողջ ժողովուրդն այդ կապիտալն ունի, նա պրոֆեսիոնալների խնդիր չունի, և երբ մեզ ասում են` ո՞ւր է ձեր կադրային բանկը, մենք ասում ենք` ամբողջ ժողովուրդն է»,- շեշտեց Ռուբեն Հակոբյանը:
Վերջում նա կրկին անդրադարձավ ընտրությունների կեղծման թեմային` այն անվանելով «ամենալուրջ պետական հանցագործությունը»:
«Դրանք պետության դավաճաններ են, ովքեր կեղծում են ընտրությունները, դրանից ավելի բարձր գնահատական և հանցագործություն չկա: Եթե դու խլում ես քո քաղաքացու ձայնը` քո շահի համար, նշանակում է նրան և՛ գնդակահարում ես, և՛ բռնաբարում ես, և՛ վռնդում ես իր տանից»,- ասաց Ռ.Հակոբյանը: