Ի՞նչ օգուտ կտա նամակագրությունը քաղաքական պրոցեսներին
Galatv.am-ի լրագրողի հետ զրույցում Սարգսյան-Հովհաննիսյան նամակագրության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի կարծիքով, առավել նպատակահարմար կլիներ, եթե կարևորվեր երկխոսության բովանդակությունը և ոչ թե ձևը.
«Տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական գործընթացները տեղափոխվել են գրականության մեջ՝ ժամանակին շատ հայտնի նամակագրության ժանր, և հանդիպման տեղի հարցի հետ կապված ձևը դարձել է առավել կարևոր, քան բովանդակությունը, սա կարող է տանել փակուղի, բայց, որպես չեզոք դիտարկում, դա իրենց որոշելիքն է», – նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը շեշտել է, որ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը իրենք պետք է որոշեն, թե քաղաքական գործընթացներին ինչքանով օգուտ կտա նամակագրությունը, իսկ անձամբ իր կարծիքն այն է, որ պետք է կարևորվեր բովանդակությունը և ոչ թե ձևը.
«Եթե գտնում են, որ նամակագրության ժանրը ներմուծելով քաղաքականություն՝ քաղաքական պրոցեսներին շատ ավելի արդյունավետ լուծում կտան, ապա խնդրեմ, դա բացառապես իրենց որոշելու խնդիրն է, ես կարծում եմ, պետք է բովանդակությունը առավել կարևորվեր, դրսևորվեր քաղաքական կամք և պատրաստակամություն`լուծումներ գտնելու համար», – եզրափակել ԲՀԿ խմբակցության քարտուղարը: