«Սյունիքի մարզպետն ինձ երբևիցե ոչ մի բացասական խոսք չի ասել կամ ինչ-որ հայհոյանք չի տվել»
168.am-ը Սյունիքի մարզի Ծավ գյուղի գյուղապետ Սեյրան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է նրա դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ այս տարի մարտի 4-ին ԶԼՄ-ներն անդրադարձել էին գյուղապետի դեմ հարուցված քրեական գործին, ըստ որի` քրգործը հարուցվել է հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, «Էներգացանցշին» ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: «Տեղեկություն չկա, ոչ մի ձայն-ձուն չկա: Ես չեմ հետաքրքրվում էդ հարցով, ոչ էլ անհանգստանում եմ»,- ասաց Ս. Զաքարյանը: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ քրեական գործը կարճվել է, Ս. Զաքարյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչո՞ւ պիտի քրեական գործ հարուցվի, կամ, եթե քրեական գործ պիտի հարուցվեր, ինչո՞ւ շուտ չեն հարուցել: Դրա համար ես էդտեղ ոչ մի հանցանք չեմ տեսնում և չեմ էլ կարծում, որ կկանչեն»: Ս. Զաքարյանի խոսքով` ինքը հանցանք չի գործել, և իր խիղճը հանգիստ է: Իսկ հարցին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, ըստ որոնց` ընտրություններից հետո Սյունիքի մարզպետը Ձեզ հայհոյել էր, անգամ ասում են` ծեծել էր` Ծավում ՀՀԿ թեկնածուի պարտության պատճառով, և որպես պատիժ` քրեական գործ էին հարուցել Ձեր դեմ, Ս. Զաքարյանը պատասխանեց. «Բացարձակապես հերյուրանքներ են: Ես ուղղակի զարմանում եմ, էլի, էդ որտեղի՞ց են հորինում: Դրանք հորինվածքներ են: Երբևիցե Սյունիքի մարզպետն ինձ ոչ մի բացասական խոսք չի ասել կամ ինչ-որ հայհոյանք չի տվել, ոչ էլ, կարծում եմ, կտա, ինքը չի ցածրանա էդքան: Հիմա ի՞նչ անենք` ընտրություններում փաստն այն է, որ Ծավ գյուղում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ տարավ: Ուղղակի աբսուրդ ա, էլի, ես զարմանում եմ` ո՞վ պիտի էդպիսի բան հորինի, որ մարզպետը համայնքի ղեկավարին հայհոյի: Ես էլ եմ լսել. զանգում են ուրիշ տեղից, ասում են` լսել ենք՝ էսպիսի բան ա եղել: Ես էլ ասում եմ` «այ մարդ, էդպիսի բան չկա, չի եղել, չի էլ լինի»: Մարզպետը հո երեխա՞ չի, մարդն աշխատում ա, հետո ընտրությունը մենակ համայնքի ղեկավարով չի, որ, ասենք, ես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն եմ, ես ընտրեմ ամբողջ Ծավի համայնքի կողմից Հանրապետական կուսակցության ներկայացուցչին: Համայնքի բնակիչներն են ընտրում: Մեր համայնքում 70%-ն են մասնակցել ընտրության, ու նրանց գերակշիռ մասն իր ձայնը տվել ա Րաֆֆի Հովհաննիսյանին, ի՞նչ անենք` հո դա չի՞ կարելի սենսացիա դարձնել»: