Բաժիններ՝

Խորհրդակցություն քաղաքապետարանում՝ ոստիկանների մասնակցությամբ

Մարտի 27-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ համատեղ խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, ոստիկանության բաժինների պետեր և մայրաքաղաքի համայնքների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին և կարևորելով քաղաքապետարան-ոստիկանություն գործակցությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծեց համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերում նաև հասարակական կազմակերպությունների առավելագույն ներգրավման անհրաժեշտությունը:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը նշեց, որ համագործակցության շրջանակներում առանցքային է, մասնավորապես, անչափահասների հետ տարվող աշխատանքը, որը պետք է բարձրացվի որակական նոր աստիճանի:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով վերջերս ոստիկանությունում կազմավորվել է անչափահասների հետ տարվող աշխատանքների և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչություն: Կառուցվածքային այս փոփոխությունը վկայում է ոչ միայն անչափահասների հանդեպ ընդգծված ուշադրության, այլև նրանց հետ տարվող աշխատանքի ընդլայնման ու խորացման անհրաժեշտության մասին:
Ներսես Նազարյանը նկատեց, որ աշխատանքն ընդգրկելու է նաև ուսումնական հաստատությունները, իրականացվելու են ինչպես անչափահաս, այնպես էլ մեծահասակ թափառաշրջիկների և մուրացկանների սոցիալական ռեաբիլիտացիային ուղղված միջոցառումներ, առավել խիստ ուշադրություն է դարձվելու ընտանեկան բռնությունների և դրանց կանխարգելման խնդիրներին:
Կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության անհրաժեշտությունը և ընդգծելով այդ համատեքստում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, Ներսես Նազարյանը հավաստեց, որ ոստիկանությունը պատրաստ է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի աջակցել քաղաքապետարանի ծրագրերի ու միջոցառումների իրականացմանը:
Խորհրդակցության ընթացքում նշվեց, որ ոստիկանության և քաղաքապետարանի համագործակցության շրջանակներում արդեն իսկ հաջողությամբ իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայ-Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի համատեղ` անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման ծրագիրը: Ժամանակավոր կացարան է տեղափոխվել 152 անօթևան: Պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում նրանցից 30-ը ընտանիք է վերադարձել: 20 անօթևան աշխատանք է ձեռք բերել և նորմալ կյանք է վարում, ևս 15-ը հաշվառված են զբաղվածության կենտրոնում: Ոստիկանության անմիջական աջակցությամբ վերականգնվել են 10 անօթևանի անձնագրերը, ևս 8-ը օրերս կստանան իրենց վերականգնված փաստաթղթերը:
Ոստիկանության բաժինների անչափահասների բաժանմունքների տեսուչների հետ համատեղ ոչ միայն կազմակերպվել են մուրացիկ, թափառաշրջիկ և իրավախախտ երեխաների կողմնորոշման հետ կապված հարցերի քննարկումներ, այլև` նրանց վերադարձը ընտանիք, տեղավորվել են մանկատներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում։
Գենդերային բռնության նվազեցման ու կանխարգելման, ճանաչման, ուղղորդման անհրաժեշտ ընթացակագերի հստակեցման նպատակով՝ Երևան քաղաքի ոստիկանության բաժինների անչափահասների բաժանմունքների տեսուչների հետ կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ:
Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համագործակցությամբ ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանումների ներկայացուցիչների կողմից անցկացվել են դասեր, մրցույթներ, վիկտորինաներ և այլն:
Խորհրդակցության ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն համագործակցությունն ընդլայնելու և նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս