Կալանավորվել է Չարենցավանում հայտնի Խալաֆյաններից Ա. Խալաֆյանը, ում մեղքով երիտասարդ էր սպանվել (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 27-ին Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո երկամսյա կալանքի որոշում կայացրեց Չարենցավան քաղաքի բնակիչ Արթուր Արայի Խալաֆյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էր դիմել Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ Արսեն Սախոյանը, որպեսզի Ա. Խալաֆյանի նկատմամբ դատարանը կալանավորման որոշում կայացներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր.Օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հուլիսի 8-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել էին, որ կրծքավանդակի ծակած–կտրած վերքով իրենց էր դիմել Չարենցավանի 3-րդ թաղամասի 17 շենքի 22 բնակարանի բնակիչ 27-ամյա Վարդան Վարդանյանը:
Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանն ու Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանը՝ քննչական խմբով:
Հիվանդանոցում ֆոտոլրագրողին հայտնել էին, որ Ոստիկանության օպերատիվ քննչական խմբի ժամանումից մոտ 15 րոպե անց Վ. Վարդանյանը մահացել էր: Մարմնական տարբեր աստիճանի ծանր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել նաև Չարենցավան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Գրիշա և Վահե Կոստանդյանները:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը հիվանդանոցի բակում հայտնաբերել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի մոտ արյան հետքերով։
Չարենցավանցիները ֆոտոլրագրողին պատմել էին դեպքի՝ իրենց հայտնի որոշ մանրամասներ: Ըստ այդմ՝ հուլիսի 8-ին Չարենցավանի բնակիչ Կարենն իր ծննդյան օրը նշելու կապակցությամբ իր հասակակից ծանոթ ընկերների ու հարևանների հետ մեկնել էր ծնունդը նշելու Կոտայքի մարզի Կարենիս գյուղի հանգստի գոտիներից մեկում՝ «Գյումուշի ձորում»:
Որոշ ժամանակ անց նրանց էր միացել Չարենցավան քաղաքի բնակիչ Արթուր Խալաֆյանը, ում Կարենը չէր հրավիրել խնջույքին մասնակցելու:
Ծնունդի արարողության ժամանակ Ա. Խալաֆյանը անհարիր արտահայտություններ էր կատարել ներկա գտնվող աղջիկներից մեկի հասցեին: Նրան փորձել էին կարգի հրավիրել Կարենն ու իր մորաքրոջ տղան՝ Գրիշա Կոստանդյանը, սակայն, Արթուրը սկսել էր ավելի գրգռվել, թե «Դուք ո՞վ եք, որ ինձ դիտողություն եք անում: Պետք լինի, էդ աղջիկը կնստի գիրկս»:
Մոտ 10-15 րոպե տեղի էր ունեցել վիճաբանություն, որից հետո Գրիշան իր եղբոր՝ Վահեի հետ մի քանի հոգով դուրս էին եկել և հեռացել ծնունդի արարողության վայրից: Այդ ընթացքում Ա. Խալաֆյանը զանգահարել էր իր ընկերներին, ովքեր էլ եկել և արդեն ծնունդի արարողության վայրից հեռացած Գրիշա և Վահե Կոստանդյաններին դաժան ծեծի էին ենթարկել: Միջադեպի մասին Կոստանդյան եղբայրները հայտնել էին իրենց ընկերոջը՝ Ռոբերտ Գալստյանին:
Վերջինս Գրիշային պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գնացել էր «Գյումուշի ձոր» և ծեծված մորաքրոջ տղաներին բերել Չարենցավան: Արդեն Չարենցավանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մոտ նկատել էին Արթուրի ընկերոջը՝ Վարդան Վարդանյանին, ով եղել էր իր «Մերսեդես»–ով և Կոստանդյան եղբայրներին ծեծի ենթարկած անձանցից մեկն էր:
Մոտեցել էին նրան, որտեղ էլ շարունակվել էր վիճաբանությունն ու կռիվը: Կռվի ժամանակ Ռ. Գալստյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր Վ. Վարդանյանի որովայնին և Կոստանդյան եղբայրների հետ հեռացել վիճաբանության վայրից, որից հետո Կոստանդյանները մեկնել էին Երևան՝ հիվանդանոց: Իսկ Վ. Վարդանյանը, տեսնելով, որ որովայնից արյուն է հոսում, իր «Մերսեդես»–ով մեկնել էր Չարենցավանի բժշկական կենտրոն և դիմել բժիշկների օգնությանը, որտեղ էլ 10-15 րոպե անց մահացել էր:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ Ա. Խալաֆյանը մի քանի տարի առաջ մահացած Վահան Խալաֆյանի հորեղբոր տղան էր, ու չարենցավանցիները ֆոտոլրագրողին պատմում էին. «Եթե այն ժամանակ Խալաֆյանները իրենց ազգակից Վահան Խալաֆյանի սպանության մեջ մեղադրում էին Չարենցավանի ոստիկանությանը, ապա հիմա ո՞ւմ են մեղադրելու երիտասարդ Վարդան Վարդանյանի մահվան համար: Եվ պարզ է, որ վիճաբանությունը հրահրել և շարունակել է Արթուր Խալաֆյանը»:
Ոստիկանության Չարենցավանի բաժնում Գ. Շամշյանին հայտնել էին, որ այդ պահին ոչինչ չեն կարող հայտնել միջադեպի կապակցությամբ, քանի որ ձեռնարկվում էին օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու Ռոբերտ Գալստյանին, ինչպես նաև հրաժարվել էին մեկնաբանել ֆոտոլրագրողի տեղեկությունները, թե դեպքը հրահրողը եղել էր Արթուր Խալաֆյանը:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ իրեն նույնիսկ մեղադրում էին, թե. «Խփողին դեռ չենք բռնել, արդեն լրագրողներն իրար են անցել»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի