BRICS-ի երկրները պետք է աջակցեն Սիրիայում բռնությունների դադարեցմանը. Բաշար Ասադ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր նամակ է հղել Դուրբանում ընթացող BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) գագաթաժողովում նախագահող ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զումային:
Նամակում Ասադը գրել է, որ BRICS-ի երկրները պետք է աջակցեն Սիրիայում բռնությունների դադարեցմանը, ինչի համար անհրաժեշտ է երկրում արմատախիլ անել ահաբեկչությունը և կասեցնել ապստամբներին սպառազինության մատակարարումը.
«Սիրիան արդեն երկու տարի է, ինչ տուժում է ահաբեկչությունից, որին աջակցում են արաբական ու արևմտյան երկրները: Դրա հետևանքով զոհվում են խաղաղ քաղաքացիները, ոչնչացվում են ենթակառույցները և հանրապետության մշակութային ժառանգությունը:
Դուք ունեք քաղաքական, տնտեսական ու մշակութային հնարավորություններ՝ անվտանգություն ու բարգավաճում ապահովելու համար ժամանակակից անհանգիստ աշխարհում: Մենք Ձեզ կոչ ենք անում ձեռնարկել հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի վերջ տրվի Սիրիայի ժողովրդի տառապանքներին, որոնց պատճառը անարդար տնտեսական պատժամիջոցներն են ու միջազգային իրավունքի նորմերի խախտումը:
Սիրիայի ժողովուրդը ձգտում է փոխգործակցել BRICS-ի երկրների հետ, որոնք ձգտում են աջակցել խաղաղությանն ու անվտանգությանը: Հուսով եմ, որ BRICS-ը կարևոր դեր կխաղա «ինքնակամ» երկրներին հակազդելու հարցում, որոնք հայտնի են այլ երկրների ներքին գործերին միջամտելու իրենց ցանկությամբ՝ ի հակադրումն ՄԱԿ-ի կանոնադրության և կնպաստի միջազգային հարաբերություններում ժողովրդավարության ամրագրմանը»: