«ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը վտանգում է մեր ազգային անվտանգությունը»

«Ես  գտնում եմ, որ Սերժ Սարգսյանն իրավասու չէ մեր ժողովրդին ներկայացնել միջազգային հարաբերություններում և իրավասու չէ ստորագրել Եվրամիության հետ ասոցացման  պայմանագիրը: Ես գտնում եմ, որ այդ պայմանագիրն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ մեր ժողովրդի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Նա համոզված է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում պայմանագիրը ստորագրելու դեպքում կլինեն ճնշումներ Եվրամիության կողմից: «Դրանք այն պահանջներն են, որոնք կան մադրիդյան սկզբունքներում, այն պահանջներն են, որոնք կան հայ-թուրքական արձանագրություններում, և  այսօր ԵՄ-ի հետ կնքել  նման պայմանագիր, հրաժարվել ազգային շահերից` փողի դիմաց, դա մեր ժողովրդի համար վատագույն դրսևորում կլինի»,-կարծում է Անդրիաս Ղուկասյանը: Նա շեշտեց, թե պայմանագրի ստորագրումը ոչ միայն իրավունքներ է տալիս ստորագրող կողմին, այլ` նաև պարտավորություններ:  Նա հայտարարեց, որ ԵՄ-ն, օրինակ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեպքում Հայաստանին ևս կարող է պարտադրել հրաժարվել Իրանի հետ առևտուրից: Նա նշեց, որ դեմ է Եվրամիության հետ այնպիսի պայմանգրի կնքմանը, որը չի բխում մեր ժողովրդի շահերից և նաև դեմ  է, որ մի քանի մարդ որոշեն այդ հարցը: Անդրիաս Ղուկասյանը պնդում է, որ նման հարցերը պետք է հանրային քննարկման առարկա դառնան, և հասարակությունը որոշի, թե տնտեսական որ կառույցի մաս է ցանկանում կազմել:

Տեսանյութեր

Լրահոս