Միասեռականության մասին Էրդողանի հայտարարությունը հարուցել է եվրոպացի միասեռականների սուր արձագանքը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ միասեռականությունը հակասում է իսլամի մշակույթին: Էրդողանի այդ հայտարարությունը հարուցել է եվրոպացի միասեռականների սուր արձագանքը:

Ելույթ ունենալով Նիդերլանդներում՝ Էրդողանը կտրականապես դեմ է հանդես եկել հոլանդացի լեզբուհիների զույգի կողմից Յունուս անունով 9-ամյա թուրք տղայի որդեգրման դեմ. «Մենք պետք է Յունուսին ուղղենք ճիշտ ձեռքեր: Մենք ասում ենք, որ այստեղ պետք է գործի իրավական համակարգ, քանի որ վեցամսյա երեխան չի կարող կայացնել նման որոշում: Այդ ամենը հանգեցնում է խոշոր սխալի»:

Նշվում է, որ Էրդողանն իր այս հայտարարությունն արել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի ներկայությամբ, ով իր հերթին հայտարարել է, որ որդեգրման մասին վեճը ներքին հարց է:

Թուրքական թերթի տվյալներով՝ Յունուսը հանդիսանում է Նիդերլանդների քաղաքացի և փոքր տարիքում որդեգրվել է Հաագայում բնակվող լեզբուհիների կողմից: Նրա կենսաբանական մայրը հոլանդական NOS հեռուստաընկերությանը հայտարարել է, որ ցանկանում է վերադարձնել իր որդուն:

Տեսանյութեր

Լրահոս