Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունն ԱՊԼ-ում Սիրիան կներկայացնի ընդհուպ ընտրությունների անցկացում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հեղափոխական ուժերի ու ընդդիմության Ազգային դաշինքն Արաբական պետությունների լիգայում (ԱՊԼ) Սիրիան ներկայացնելու է ընդհուպ մինչև ընտրությունների անցկացում, որի արդյունքում կձևավորվի կառավարություն:

Այս մասին ասվում է Դոհայում տեղի ունեցած ԱՊԼ գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունում: Այդ փաստաթղթղում նշված է. «Ազգային դաշինքը համարվում է Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը, ԱՊԼ-ի հիմնական գործընկերը՝ հաշվի առնելով Սիրիայի ժողովրդի տված զոհերը և այն բացառիկ պայմանները, որոնցում հայտնվել են սիրիացիները»:

ԱՊԼ անդամ երկրները կարևորել են Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միևնույն ժամանակ իրենց իրավունք վերապահելով զենք մատակարարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ մարտնչող խմբավորումներին:

ԱՊԼ-ի երկրները Սիրիայում ընթացող արյունահեղության մեղքն ամբողջությամբ բարդել են Սիրիայի կառավարության վրա՝ ընդգծելով, որ նա ռմբակոծում ու հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի նիստերում Սիրիայի տեղը թափուր էր մնացել 2011 թվականի նոյեմբերից, երբ սառեցվել էր պաշտոնական Դամասկոսի մասնակցությունը ԱՊԼ-ի նիստերին, ինչի պատճառը Սիրիայում ընթացող բախումներն էին:

Գագաթաժողովում Սիրիայի հեղափոխական ուժերի ու ընդդիմության ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը զբաղեցրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տեղը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Կատարի համապատասխան առաջարկը նախապես հավանության էր արժանացել ԱՊԼ անդամ երկրների մեծ մասի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս