Ահմեթ Դավութօղլուն այսօր այցելում է Վրաստան
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր այցելում է Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ իր վրացական այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպումներ է ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, ինչպես նաև իր վրացի գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ:
Բացի այդ, պլանավորված է Դավութօղլուի հանդիպումը Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ:
Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ հանդիպումներում քննարկվելու է ինչպես երկկողմանի համագործակցության հարցը, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին Վրաստանին Թուրքիայի աջակցության հարցը:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Բաթումում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ եռակողմ հանդիպումը:
Բաթումում երեք երկրների արտգործնախարարներն ընդունելու են 2013-2015 թվականների միջգերատեսչական համագործակցության պլանը:
Վերջինս առնչվում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրի պահպանումը, մշակույթը, կրթությունը, սպորտը և երիտասարդությունը: